ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերը գերբնակեցված է։ Այս փաստն արձանագրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցչությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՄԻՊ լրատվականը:
Նշվում է, որ արձանագրվել է նաև կողապահարանների նվազ քանակ և այլ համակարգային խնդիրներ, որոնք այս պահին ամփոփման փուլում են: ՄԻՊ աշխատակիցները, սակայն, արձանագրել են, որ ի տարբերություն նախորդ այցի` այս անգամ դիսպանսերում գրանցվել է աշխատանքների կազմակերպման դրական տեղաշարժ։
Պաշտպանի հանձնարարությամբ հոկտեմբերի 23-ին և 24-ին վարչության աշխատակիցները չհայտարարված մշտադիտարկման այցեր են իրականացրել ՀՀ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում գտնվող ձերբակալված անձանց պահելու վայրեր, ոստիկանության բաժիններ, դատարաններ, ինչպես նաև Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր:
«Այցերի շրջանակներում առանձնազրույցներ են տեղի ունեցել վերը նշված հաստատություններում պահվող անձանց հետ: Պաշտպանի ներկայացուցիչները ծանոթացել են նրանց առողջական վիճակին, մանրակրկիտ ուսումնասիրել են պահվող անձանց և անձնակազմի աշխատանքային պայմանները, փաստաթղթերը, նրանց իրավունքների ապահովման վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին»,– ասված է հաղորդագրությունում։
ՀՀ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում գտնվող ձերբակալված անձանց պահելու վայրերում ևս խնդիրներ են արձանագրվել։ Մասնավորապես տեսակցությունների սենյակներն առանձնացված են ապակե միջնորմով, որը սահմանափակում է տեսակցության ընթացքում անձանց ֆիզիկական շփման հնարավորությունը: Ազատությունից զրկված անձի և տեսակցողի շփումը կազմակերպվում է սենյակում առկա հեռախոսի միջոցով, ինչը չի համապատասխանում սահմանված պահանջներին։
Նշվում է, որ չհայտարարված այցերի արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկները համապատասխան վերլուծության հետ միասին կներկայացվեն իրավասու մարմիններին: