Պետք է բոլորը պատրաստվեն. Գնել Սանոսյանը` «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին

Գնել Սանոսյան
ՏԿԵ նախարարի խոսքով` պետք է այնպես անել, որ եղած բոլոր ենթակառուցվածքներն օգտագործվեն, մտածեն նաև նորերը կառուցելու մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացման համար պետք է բոլորը ջանք գործադրեն, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն լինի։ ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը` պատասխանելով հարցին` արդյոք մարդիկ «Խաղաղության խաչմերուկ» արտահայտությունը կարող են ուղիղ հասկանալ, թե պետք է սպասել հերթական էթնիկ զտման, կապիտուլյացիայի կամ նմանատիպ մի այլ բանի։
«Պետք է բոլորը պատրաստվեն և ջանք գործադրեն, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն լինի, կարողանա նորմալ զարգանալ։ Պետք է այնպես անենք, որ եղած ենթակառուցվածքներն օգտագործվեն, նորերը կառուցելու մասին մտածենք։ Միշտ էլ երկրները կարող են միմյանց աջակից լինել զարգացման հարցում` հաշվի առնելով, որ կարող են օգտվել այդ ենթակառուցվածքներից»,– ասաց Սանոսյանը։
Նա անդրադարձավ նաև հարցին, թե ինչպես են ենթակառուցվածքները կառուցվելու` հայկական միջոցներո՞վ, թե՞ միջազգային գործընկերների աջակցությամբ։
«Հայեցակարգն արդեն ներկայացվել է, որտեղ կան նախկին և առկա ենթակառուցվածքներ։ Դրանք մեզ բոլորիս համատեղ զարգանալու հնարավորություն են տալիս։ Մեր միտքն այն է, որ տարածաշրջանում խաղաղություն հաստատելով` այդ ենթակառուցվածքների շնորհիվ բոլոր երկրների համար հնարավորություններ կբացվեն։ Մեր տարածաշրջանն այնպիսի խաչմերուկ է, որ կարող է միջազգային բեռնաուղևորափոխադրումների համար բավականին հետաքրքիր ուղղություն լինել։ Հետևաբար բոլոր երկրներն էլ օգուտներ և եկամուտներ կունենան»,– նշեց ՏԿԵ նախարարը։
Հիշեցնենք` Վրաստանում «Մետաքսի ճանապարհ» համաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր «Խաղաղության խաչմերուկ» նախագիծ իրականացնել տարածաշրջանում։ Նա ընդգծել էր, որ դրանով արձանագրվում է հետևյալը` կողմերից յուրաքանչյուրն իր տարածքում ապահովում է սահմանային և մաքսային հսկողություն։ Բացի դրանից, կողմերից յուրաքանչյուրն ապահովում է նաև կոմունիկացիաների անվտանգությունը (խոսքը խողովակաշարերի, մալուխների, ճանապարհների, ավիահաղորդակցության ուղիների մասին է), ինչպես նաև բեռների անվտանգ անցումը։
Բաքուն ու Անկարան թույլ չեն տա, որ Հայաստանը խաղաղության խաչմերուկ դառնա. քաղաքագետ