Պարտքն ավելանում է, որովհետև բյուջեն դեֆիցիտ ունի. նախարարը խնդիր չի տեսնում

Ֆիննախ Վահե Հովհաննիսյանն ԱԺ–ում
Հովհաննիսյանը նշեց, որ պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը մյուս տարվա վերջում պլանավորում են, որ կլինի 50 տոկոսից ցածր, մասնավորապես՝ 48.4 տոկոս։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում պետական պարտքի ավելանալու հետ կապված ռիսկեր չկան, պարտքն ավելանում է, որովհետև ՀՀ բյուջեն ունի դեֆիցիտ։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նախարարն ընդգծեց` Հայաստանի ծախսերն ավելի շատ են, քան եկամուտները։
«Ամեն տարի ունենում ենք ՀՆԱ-ի 3 տոկոսին մոտ դեֆիցիտ: 2024 թվականի համար մենք ունենք 3 տրիլիոն 17 միլիարդի ծախս, բայց ունենք դրանից 340 միլիարդով քիչ եկամուտ, և 340 մլրդ պարտք պետք է վերցնենք: Հիմա դա քննարկում ենք։ Մենք տարբեր աղբյուրներից պարտք ենք ներգրավում, որպեսզի ծախսերը կարողանանք ապահովել և միշտ պարտքն աճում է։ Այլ հարց է, որ մեր եկամուտները պետք է ավելի արագ աճեն, քան մեր պարտքը, որպեսզի խնդիր չունենանք»,–ասաց նա:
Նրա խոսքով` էական չէ Հայաստանի պարտքը 10 մլրդ է թե 11 մլրդ։ Էական է, թե դա ինչ հարաբերություն ունի ՀՀ եկամուտների կամ ՀՆԱ-ի մեջ:
Սակայն, նախարարի գնահատմամբ, դա որևէ խնդիր չէ, որովհետև պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը մյուս տարվա վերջում պլանավորում են, որ կլինի 50 տոկոսից ցածր, մասնավորապես՝ 48.4 տոկոս։
Ինչո՞ւ պետք է տանք. նախարարը` գումարի մնացորդը Արցախի կառավարությանը հատկացնելու մասին
Նշենք, որ 2022 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 10 մլրդ 638 մլն դոլար: Մեկ տարում այն աճել է 15.3%-ով կամ 1 մլրդ 412 մլն դոլարով: