Մոնակոյի փոխարեն` «Դվին» ռեստորանում. ինչպես է անցել Ջերմուկի 30-ամյա քաղաքապետի հարսանիքը

Վահագն Արսենյանը` աջից. Արխիվային լուսանկար
«Իրավունք» թերթին մանրամասներ են հայտնի դարձել Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանի հարսանիքից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Գործարար Արտակ Թովմասյանին պատկանող Երևանի «Դվին» ռեստորանում է տեղի ունեցել Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանի՝ «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ հիմնադիր և գործադիր տնօրեն, ՀՀ Ազգային ժողովի 4-րդ և 6-րդ գումարման պատգամավոր, Ջերմուկի նախկին քաղաքապետ Աշոտ Արսենյանի որդու ու գործարար Արսեն Արսենյանի դստեր հարսանեկան արարողությունը: Գրում է «Իրավունք» թերթը։
Ի դեպ, նորապսակների ազգանունների համընկնումը զուգադիպություն է:
Արսենյանները հարսանեկան խնջույքը համարում են բավական համեստ, քանի որ ի սկզբանե մտադրություն ունեին արարողությունն անցկացնել Մոնակոյում:
«Այդուհանդերձ, «համեստ» խնջույքին ներկա են եղել մոտ 400 հոգի՝ ընտանիքի ամենամտերիմներն ու քաղաքական գործիչներ, որոնց չհրավիրել չէին կարող: Ելույթներով հանդես են եկել հայկական և արտասահմանյան շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, իսկ երեկոն վարել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ավետ Բարսեղյանը»,–գրում է թերթը:
«Իրավունքի» տեղեկություններով` քաղաքականության մեջ գերլարված ընդդիմություն-իշխանություն հարաբերությունների ֆոնին հարսանեկան արարողության ժամանակ որոշ ընդդիմադիրներ ու իշխանության ներկայացուցիչներ կարողացել են մեկ հարկի տակ ուրախանալ և վայելել ապաքաղաքական երեկոն: