ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) մարդասիրական օգնություն է տրամադրում այն մարդկանց, որոնք մնացել են հայաբնակ Լեռնային Ղարաբաղում այն բանից հետո, երբ այն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Նրանցից ոմանք օգնության կարիք ունեն իրենց հիմնական կարիքները բավարարելու համար։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է ԿԽՄԿ օպերատիվ բաժնի տնօրեն Մարտին Շուպը:
«Այսօր փոքր թվով մարդիկ մնում են իրենց տներում` կա՛մ այն պատճառով, որ որոշել են մնալ այնտեղ, կա՛մ չեն կարող ինքնուրույն հեռանալ, գուցե այն պատճառով, որ նրանք տարեցներ են կամ հաշմանդամություն ունեցող անձինք և օգնության կարիք ունեն: Նրանցից ոմանք բժշկական օգնության կարիք ունեն, ոմանք էլ` սննդի և ջրի։ Մենք փորձում ենք հնարավորինս աջակցել նրանց, ովքեր իսկապես օգնության կարիք ունեն, լինի դա ջուր, դեղորայք տրամադրելը կամ աջակցություն ցուցաբերելը, որ նրանք կարողանան կապվել իրենց հարազատների հետ կամ բժշկական տրանսպորտ ստանալ», - ասել է Շուպը:
Հարցին, թե արդյոք ԿԽՄԿ-ն այդ իմաստով համագործակցում է Ադրբեջանի իշխանության հետ, նա պատասխանել է, որ կազմակերպությունը համագործակցում է բոլոր համապատասխան մարմինների հետ, որ կարողանա օգնել բոլոր կարիքավորներին այնտեղ, որտեղ աշխատում է:
Ավելի վաղ ԿԽՄԿ–ն Լեռնային Ղարաբաղում նկարահանված տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում էր, թե ինչպես են ԿԽՄԿ թիմի անդամները շրջում բնակավայրերում` փնտրելով այնտեղ մնացած մարդկանց, որպեսզի հոգան նրանց հումանիտար առաջնային կարիքները։ Նկարահանումները կատարվել էին 10-13–ն ընկած ժամանակահատվածում։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։