Իսրայելը 10 տոկոսով կատարել է ՀԱՄԱՍ-ի ոչնչացման ծրագիրը. ԶԼՄ

Իսրայել
Իսրայելի բանակն ավելի վաղ հայտնել էր, որ ՀԱՄԱՍ–ի հետ թեժ մարտեր են ընթանում Գազայի հատվածի խորքերում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ոչնչացման նպատակին հասնելու ճանապարհը հաղթահարվել է 10 տոկոսով։ «Israel Hayom» թերթի հետ զրույցում այս մասին հայտարարել է իսրայելցի մի բարձրաստիճան պաշտոնյա։
«Հնարավոր է՝ մենք հաղթահարել ենք ՀԱՄԱՍ-ի տապալման նպատակին հասնելու համար անհրաժեշտ ճանապարհի մոտ 10 տոկոսը»,-ասել է պաշտոնյան:
Պարբերականի տեղեկություններով՝ Իսրայելի ազգային անվտանգության խորհրդում և ԱԳՆ-ում ստեղծվել է երկու աշխատանքային խումբ, որոնք միմյանցից առանձին ուսումնասիրում են Պաղեստինի հետպատերազմական կառավարման զանազան տարբերակներ:
Նշվում է, որ նախարարների առաջարկած տարբերակների թվում են միջազգային վերահսկողության հաստատումը, Եգիպտոսի հետ համատեղ կառավարման մեխանիզմի ստեղծումը, ինչպես նաև Գազայում իշխանության փոխանցումը պաղեստինցի քաղաքական գործիչ Մոհամմեդ Դախլանին:
ՑԱԽԱԼ–ն ավելի վաղ հայտնել էր, որ Իսրայելի պաշտպանության բանակի ցամաքային ուժերը Գազայի հատվածի խորքերում թեժ մարտեր են մղում ՀԱՄԱՍ–ի մարտիկների դեմ
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։
Գազայի հատվածից շուրջ 800 հազար մարդ է տարհանվել. Իսրայելի բանակ