ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը նոյեմբերի 1-ին կայցելի Թուրքիա, որտեղ կքննարկի տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
«Սպասվում է, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն իրանցի գործընկերոջ հետ կքննարկի օրակարգում եղած տարածաշրջանային հարցերը, մասնավորապես Պաղեստինի իրադարձությունները, ինչպես նաև մեր երկկողմ հարաբերությունները»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։