ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանն աշխատանքից հեռացվել է առանց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանի արտերկիր աշխատանքային այց կատարելու համար, որը դեռ տարեսկզբին ծրագրված ու հաստատված է եղել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց հենց Անի Եղիազարյանը։
Նրա խոսքով՝ տարեսկզբին թանգարանի նախանշված ծրագրերում նախատեսված հրավերք-այց է եղել Հարավային Ամերիկայի երկու երկիր՝ Ուրուգվայ և Արգենտինա։
«Նախանշված է եղել, որ ես այդ ընթացքում ունենալու եմ զեկույցներ Թումանյանի հասարակական և ազգային գործունեության, նրա գրական խոսքի արդիականության վերաբերյալ։ ԿԳՄՍ նախարարության որոշակի օղակների անփույթ գործունեության կամ անգործության պատճառով, որոշակի փուլում ես չեմ ունեցել իրենց հրամանը և ստիպված եմ եղել Թումանյանի 100-րդ տարելիցի շրջանակներում նախատեսված ծրագրի իրականացման համար մեկնել երկրից։ Աններելի քայլ եմ համարում իմ աշխատանքից հեռացման վերաբերյալ վերջին հրամանի ստացումը»,-ասաց նա։
Հայաստան վերադառնալուց հետո Եղիազարյանը մանրամասն ներկայացրել է հանդիպումներն ու զրույցները, որոնք ունեցել է Թումանյանի գրական ժառանգության և գործունեության շուրջ։
«Եթե իմ վերադարձից և ներկայացված աշխատանքից հետո իրենք որոշել են, որ ես սրան եմ արժանի, ուրեմն ես ենթադրում եմ, որ հեռավոր անկյուններում Թումանյանի մասին խոսելն այդքան էլ հաճելի չէ իրենց։ Բացի այդ ես ենթադրում եմ, որ իրենք հատուկ դիտավորությամբ իմ այցերի հետ կապված այդպես էլ հրաման չեն իջեցրել։ Ո՛չ հրաման են տվել գնալու, ո՛չ չգնալու, թողել են օդից կախված վիճակում։ Հաշվի առնելով մեկնումի հետ կապված բոլոր պայմանավորվածությունները, նախանշված պլանավորումներն ու ծախսերը` ես մեկնել եմ»,-ասաց Եղիազարյանը։
Հրամանը ստացվել է հոկտեմբերի 27-ին։ Հրամանի հիմքը վերցված է եղել իրավաբանական վարչության զեկույցից, որտեղ գրված է եղել, որ տնօրենի նկատմամբ պետք է դիտարկել կարգապահական տույժ։ Իսկ հրամանում որպես պատճառ նշված է եղել «առանց նախարարի հրամանի երկրից մեկնելը»։
Եղիազարյանը հրապարակային հանդիպում է խնդրում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ կատարվածի վերաբերյալ զրուցելու համար, քանի որ մի ողջ օր անցկացրել է նախարարի ընդունարանում՝ ժամ վերցնելու խնդրանքով, բայց այդ հնարավորությունն այդպես էլ չի ունեցել։ Անի Եղիազարյանը օրինական ընթացակարգով բողոքարկելու է այդ որոշումը։ Նա այդ պաշտոնը զբաղեցնում էր 2019 թվականից։
Նշենք, որ թանգարանն այժմ կապիտալ վերանորոգվում է, իսկ ցուցադրությունները ժամանակավորապես տեղափոխվել են Հրանտ Մաթևոսյանի կենտրոն։