ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Հուսիթները հրթիռային հարված են հասցրել Իսրայելին։ Նման հայտարարություն է արել Եմենի «Անսար Ալլահ» շարժման ներկայացուցիչ, ապստամբների բրիգադային գեներալ Յահյա աս Սարին։ Տեղեկությունը հայտնում է RT-ն:
«Մեր զինված ուժերը բալիստիկ և թևավոր հրթիռների հզոր համազարկ են հասցրել, ինչպես նաև մեծ քանակությամբ անօդաչու թռչող սարքերով հարվածել օկուպացված տարածքներում իսրայելական թշնամու տարբեր թիրախներին», - ասել է նա։
Սարին շեշտել է` խոսքը Պաղեստինի հալածյալ եղբայրներին աջակցելու երրորդ գործողության մասին է:
Գեներալի խոսքով՝ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ հարձակումները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ իսրայելական ագրեսիան չի դադարել:
Ավելի վաղ Իսրայելի զինծառայողները հայտարարել էին, որ Կարմիր ծովի վրա Եմենից արձակված ԱԹՍ են խոցել:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։