ՀՀ ՊՎԾ–ն «Բարձրավոլտ էլեկտրացանցերում» շուրջ 500 մլն դրամի խախտումներ է հայտնաբերել

Ընդհանուր առմամբ, ՊՎԾ–ն արձանագրել է շուրջ 10.7 մլրդ դրամի, 2.6 մլն ԱՄՆ դոլարի և 10.6 մլն եվրոյի տարաբնույթ խախտումներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ պետական վերահսկողության ծառայությունը «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ–ում շուրջ 500 մլն դրամի խախտումներ է հայտնաբերել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՎԾ մամուլի ծառայությունը։
«Մասնավորապես խոսքը գնում է ֆինանսական կառույցների աջակցությամբ իրականացվող «Էլեկտրամատակարարման հուսալիության լրացուցիչ ֆինանսավորում», «Էլեկտրամատակարարման ցանցի բարելավում», «Էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերակառուցում», «Իրան–Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցում», «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ») ծրագրերի, ինչպես նաև ընկերության սեփական միջոցներով իրականացվող «Լիճք ենթակայանի վերակառուցման» աշխատանքների, ընկերության կողմից ՀՀ պետբյուջե շահութաբաժինների վճարման, պահնորդական ծառայությունների ձեռքբերման համար կազմակերպված գնման գործընթացների մասին և այլն»,– նշված է հաղորդագրության մեջ:
Ընդհանուր առմամբ,ՊՎԾ–ն արձանագրել է շուրջ 10.7 մլրդ դրամի, 2.6 մլն ԱՄՆ դոլարի և 10.6 մլն եվրոյի տարաբնույթ խախտումներ: Հայտնաբերվել է նաև ծրագրի չիրականացման և ձգձգման արդյունքում շուրջ 146.0 մլն եվրոյի չափով թանկացման դեպք։
Այս փաստերը ՊՎԾ–ն փոխանցել է ՀՀ գլխավոր դատախազությանը, ապա հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե:
Վնասը վերականգնվել է։
Հիշեցնենք, որ Հայաստան–Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման նախագիծն արդեն մոտ յոթ տարի է, ինչ գոյություն ունի, սակայն դրա շինարարության մեկնարկը մի քանի անգամ հետաձգվել է: Վերջին անգամ շինարարության մեկնարկը հայտարարվել էր 2023 թ. համար, սակայն տարեվերջին դեռ ոչինչ չի արվել։
ՊՎԾ–ն մի շարք խախտումներ է արձանագրել էկոնոմիկայի նախարարությունում ու ՊԵԿ-ում
Ինչ վերաբերում է Իրան–Հայաստան գծին, ապա այն սկսել են կառուցել դեռ 2015 թ–ին, սակայն շինարարության ավարտը մի քանի անգամ հետաձգվել է սկզբում Իրանի դեմ ֆինանսական պատժամիջոցների, ապա այլ պատճառներով։ Իրանից գիծը կառուցվում է իրանական կողմի միջոցներով` ընդհանուր առմամբ 107,9 մլն եվրոյի չափով, 77%–ը տրամադրել է Իրանի Արտահանման զարգացման բանկը (EDBI), 23%–ը՝ հիմնական կապալառու SUNIR ընկերությունը։
Վրաստանից գիծը կառուցվում է գերմանական KfW զարգացման բանկի վարկով՝ 85,2 մլն եվրո ծավալով։
Այս երկու գծերը ռազմավարական նշանակություն ունեն, քանի որ պետք է մի քանի անգամ ավելացնեին էլեկտրաէներգիայի արտահանման և տարանցման` ՀՀ հնարավորությունները։