ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Այս պահի դրությամբ ՀՀ կենտրոնական բանկը վերջնական որոշում չունի, թե ինչ լուծում է առաջարկվելու այն մարդկանց, որոնք Արցախի բանկերում ունեն պարտավորություններ, հիպոթեքային և այլ վարկեր, գրավադրված ոսկի։ Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
«Կա բնականոն գործընթաց, որի ընթացքում մենք կառավարության, ԱԺ–ի, բանկային համակարգի գործընկերների հետ համատեղ պետք է քննարկենք ու հասկանանք` որն է այն խելամիտ լուծումը, որը թույլ կտա ստեղծված այս իրավիճակից ստանալ լավագույն լուծում»,– նշեց Գալստյանը։
Ըստ նրա` այս պահին քննարկումները շարունակվում են և ընդունված ստույգ որոշումների մասին կհաղորդվի։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։