ՀՀ բանկերից արտարժութային ավանդների դուրս բերման տենդենց չկա. ԿԲ նախագահ

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ ռեզիդենտների ավանդների աճը կազմել է 25.2 տոկոս, իսկ ոչ ռեզիդենտների ավանդների աճը` 16.8 տոկոս։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Սեպտեմբերյան վերջին իրադարձությունները` ադրբեջանական ագրեսիայով պայմանավորված, չեն ազդել ՀՀ բանկերում առկա արտարժութային ավանդների վրա ու բանկերից դուրսբերման տենդենց չկա։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Նա ներկայացրեց 2023 թ. սեպտեմբերի վերջի տվյալները` համեմատելով նախորդ ամսվա հետ։ Ըստ այդ տվյալների` արձանագրվել է ՀՀ ռեզիդենտների ավանդների 0.7 տոկոս աճ, իրավաբանական անձանց ցպահանջ ավանդներն աճել են 4.9 տոկոսով, իրավաբանական անձանց ժամկետային արտարժույթային ավանդները` 3.7 տոկոսով։
Ինչ վերաբերում է ֆիզիկական անձանց ցպահանջ ավանդներին, ապա դրանք աճել են 4.7 տոկոսով, իսկ ժամկետային արտարժութային ավանդները նվազել են ընդամենը 0.8 տոկոսով։
«Ըստ այդմ, խոսել ինչ-որ տենդենցի մասին, որ բանկերից արտարժութային ավանդներ են հանում, չկա»,– վստահեցրեց Գալստյանը։
Անդրադառնալով ընդհանուր ավանդների ծավալին` նա նշեց, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ ռեզիդենտների ավանդների աճը կազմել է 25.2 տոկոս, այն էլ ֆիքսված փոխարժեքով, իսկ ոչ ռեզիդենտների ավանդների աճը` 16.8 տոկոս։
ՀՀ ԿԲ–ն դեռ որոշում չունի` ինչ լուծում է տալու Արցախի բանկերում եղած պարտավորություններին