Ապրել ՀՀ-ում՝ Արցախ վերադառնալու հույսով. Երևանում բացվեց «Artsakh Career Expo» տոնավաճառը

Աշխատանքի տոնավաճառի կազմակերպիչները հույս ունեն, որ Արցախից բռնի տեղահանվածները կկարողանան հնարավորինս արագ աշխատանքի տեղավորվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Տեղեկատվական տեխնոլոգիաներից մինչև ֆինանսներ և սպասարկում․ Երևանում անցկացվում է «Artsakh Career Expo» աշխատանքի տոնավաճառը, որին տարբեր ոլորտներից մասնակցող 54 ընկերություններ ավելի քան 2000 աշխատատեղի առաջարկ են անում Արցախից բռնի տեղահանված անձանց։
Աշխատանք փնտրելու հույսով տոնավաճառին մասնակցող հարյուրավոր մարդկանց մեջ է նաև Արցախի Հանրապետության Հադրուդի շրջանի Տումի գյուղի բնակչուհի Հերմինե Հայրապետյանը։ Չնայած մասնագիտությամբ կովկասագետ է, շուրջ 12 տարվա աշխատանքային փորձ ունի տարբեր ոլորտներում։
«Հիմա ուզում եմ ինձ փորձել սպասարկման ոլորտում։ Փնտրում եմ մենեջերի կամ մատնահարդարի աշխատանք»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայրապետյանը։
Հերմինե Հայրապետյան
Նրա խոսքով՝ Հայաստանում ամեն ինչ թանկ է, իսկ իրենք պետք է զրոյից կենցաղ ստեղծեն, ուստի շատ կարևոր է նաև աշխատավարձի չափը։
Հայրապետյանը մեծ դժվարությամբ ու հոգեկան ապրումներով է վերհիշում Արցախից դեպի Հայաստան գաղթի ճանապարհը։ Իր հայրենակիցներից շատերի պես բռնի տեղահանվել է սեպտեմբերի 25-ին և միայն սեպտեմբերի 28-ին կարողացել հասնել Հայաստան։
«Լուրեր տարածվեցին, որ ճանապարհը 1-2 օր է բաց լինելու, հետո փակվելու է։ Խուճապ սկսկվեց։ Մարդիկ միտակ շորով փախչում էին։ Մենք էլ նստեցինք մեքենաներն ու դուրս եկանք Ստեփանակերտից։ Ինչ ուտելիք ունեինք, մի օրում պրծավ։ Էն երկու օրը վայրի խնձոր, շլոր ենք քաղել, երեխաներին կերակրել»,-վերհիշում է նա։
Աշխատանք գտնելու նպատակով տոնավաճառում է նաև արցախցի ուսանող Տիգրան Լալայանը։ Նա աշխատանք է փնտրում ՏՏ ոլորտում։
Լալայանն ավարտել է Շուշիի տեխնոլոգիական ուսումնարանը, ապա ընդունվել համալսարան։ Սակայն 2022 թվականին զորակոչվել է պաշտպանության բանակ ու ուսումը կիսատ թողել։
«Չէինք պատկերացնում, որ լայնածավալ պատերազմ կլինի առնվազն մինչև 2025 թվականը, բայց եղավ»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Լալայանը։
Տիգրան Լալայան
Տղայի ընտանիքն առաջիններից է եղել, որ տեղափոխվել է Հայաստան։ Տիգրանը նախատեսում է ուսումը շարունակել Հայաստանում։
Մասնագիտությամբ ֆինանսիստ Քրիստինե Թովմասյանը նույնպես որոշել է փորձել տոնավաճառի օգնությամբ աշխատանք գտնել։ Կինը ընտանիքի հետ բնակություն է հաստատել Արագածոտնի մարզի Փարպի գյուղում։ Նա տարիներ շարունակ աշխատել է պետական համակարգի ֆինանսատնտեսական ոլորտում:
Քրիստինե Թովմասյան
«Վերջիններից էինք, որ լքեցինք Արցախը։ 38 ժամվա ճանապարհից հետո հասանք Հայաստան»,- պատմում է Թովմասյանը։
Ասում է` ուժ կգտնեն Հայաստանում ամեն ինչ զրոյից սկսելու համար, բայց հավատով ու հույսով, որ մի օր կվերադառնան հայրենիք՝ Արցախ։
Արցախի հանրային հեռուստատեսության լրագրող Իննա Պետրոսյանը, որը մասնագիտությամբ հոգեբան է, արդեն աշխատանք է գտել Երևանի մանկապարտեզներից մեկում, բայց մտածում է երկրորդ աշխատանք գտնելու մասին։
Իննա Պետրոսյան
Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Իննան նշեց, որ երկու երեխա ունի։ Նրա խոսքով` նման նախաձեռնությունները օգտակար և անհրաժեշտ են արցախահայությանը՝ ավելի արագ ինտեգրվելու համար։
«Artsakh Career Expo» ցուցահանդեսի համահիմնադիր և կազմակերպիչ Մանե Բարեղամյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ ի սկզբանե ունեցել են նախապայման, որ էքսպոյին մասնակցելու են բացառապես այն կազմակերպություննեը, որոնք ունեն մինիմում 20 ազատ հաստիքներ։
Մանե Բարեղամյան
Բարեղամյան խոսքով՝ այդպես են արել, որպեսզի արցախահայերն իսկապես կարողանան այդ ընկերություններում աշխատանք գտնել, քանի որ այն ընկերությունը, որն ունի ընդամենը 2-3 թափուր հաստիք, ավելի նեղ մասնագետների պահանջ ունի։
«Փորձել ենք ուշադրություն դարձնել նաև առաջարկվող աշխատավարձի չափին, մասնագիտական աճի հնարավորություններին»,-ասաց նա։
«Artsakh Career Expo» տոնավաճառը Երևանում
Նրա խոսքով`նախաձեռնությունը քաղաքացիներին թույլ կտա արագ և հեշտ հարմարվել նոր աշխատանքին: Միջոցառմանը մասնակցում են նաև այն ընկերությունները, որոնք պատրաստ են անվճար հոգեբանական օգնություն և քոուչի ծառայություններ տրամադրել տեղահանվածներին։ Նա նշեց, որ դա կբարելավի տեղահանվածների հոգեբանական վիճակը, իսկ քոուչի օգնությամբ կհասնեն կարիերայի աճի։
Բարեղամյանը նաև նշեց, որ իրենց են դիմել նաև Արցախում բարձր պաշտոններ զբաղեցրած քաղաքացիներ։ Տոնավաճառի կազմակերպիչները փորձել են գտնել նաև HR ընկերություններ, որոնք կարող են աշխատանք առաջարկել տվյալ անձանց։
1 / 5

«Artsakh Career Expo» տոնավաճառը Երևանում

2 / 5

«Artsakh Career Expo» տոնավաճառը Երևանում

3 / 5

«Artsakh Career Expo» տոնավաճառը Երևանում

4 / 5

«Artsakh Career Expo» տոնավաճառը Երևանում

5 / 5

«Artsakh Career Expo» տոնավաճառը Երևանում