Լուրեր․ Sputnik Արմենիայի երեկոյան թողարկումը

Sputnik
▪️ Արցախից բռնի տեղահանման ընթացքում 14 մարդ խոշտանգվել է, որոնցից 12-ը զինծառայող են, 2-ը՝ քաղաքացիական անձ, սպանվել է 3 երեխա․ Քննչական կոմիտեն տվյալներ է հրապարակել Ադրբեջանի կողմից Արցախում էթնիկ զտումներ իրականացնելու և Արցախի հայաթափմանը վերաբերող քրեական գործից։ Զոհվել է 200-ից ավելի զինծառայող և քաղաքացիական անձ, ևս 12 քաղաքացիական անձ և 30 զինծառայող համարվում է անհետ կորած։ Եվս 64 քաղաքացի մահացել է Արցախից բռնի տեղահանության ընթացքում՝ շրջափակման ամիսներին կրած զրկանքների՝ սովի, դեղորայքի ու բժշկական օգնության բացակայության պատճառով։
▪️ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն շարունակում է մարդասիրական օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղում դեռևս մնացած հայերին։ ՌԻԱ Նովոստիին հայտնել է Կարմիր խաչի օպերատիվ բաժնի տնօրեն Մարտին Շուպը:
▪️ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ԱԺ-ում հայտարարել է, որ հայկական արդյունաբերական արտադրանքի` Ռուսաստան արտահանման համար արհեստական խոչընդոտներ չկան: Նա նաև հայտնել է, որ մաքսատանը մնացած կոնյակի խոշոր խմբաքանակի խնդիրը լուծվել է, հայկական կոնյակն անխոչընդոտ արտահանվում է։
▪️ «Արցախցիներին հատկացված օժանդակությունը և ֆինանսական ծախսերը նպաստել են ներքին պահանջարկի ավելացմանը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ Նրա խոսքով, եթե կառավարությանը չհաջողվի աճող պահանջարկին զուգահեռ արցախցիներին ներգրավել հայաստանյան աշխատաշուկայում, և առաջարկի տեսանկունից իրավիճակը մնա անփոփոխ, դա կարող է հանգեցնել գնաճային որոշակի երևույթների։
▪️ Արցախից բռնի տեղահանվածների մի մասը նոյեմբերի 1-ից այլևս «40 և 10 հազարական դրամի սոցիալական աջակցության ծրագրից չեն օգտվելու։ Կառավարության հումանիտար կենտրոնում կայացած ճեպազրույցում հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Աննա Ժամակոչյանը։ Նրա խոսքով՝ ծրագրի շահառու չեն հանդիսանա այն արցախցիները, որոնց կեցությունն ապահովվում է պետական միջոցներով՝ սոցիալական պաշտպանության հաստատություններում կամ պետական համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում, հյուրանոցներում և այլն։
▪️ ՄԱԿ–ի մանկական հիմնադրամի տվյալներով` Գազայի հատվածում պատերազմական գործողությունների 3 շաբաթվա ընթացքում 3450 երեխա է սպանվել, ավելի քան 10 հազարը՝ վիրավորվել։ 940 երեխա էլ անհետ կորած է համարվում։
▪️ Ամերիկացի հայտնի ռեփեր Սնուպ Դոգին Երևանում սեպտեմբերի 23-ինն 2.3 մլրդ դրամ է վճարվել։ Panorama.am կայքին հայտնել են ֆինանսների նախարարությունից։ Վճարված գումարը համերգի չեղարկումից հետո չի վերադարձվել։ Սնուպ Դոգի համերգը չեղարկվել էր սեպտեմբերին՝ Արցախում տեղի ունեցած ողբերգական դեպքերի ֆոնին։
Sputnik Արմենիա, 106․0FM