ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը վստահ է` թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար պատիժը պետք է խստացվի։ Այս մասին Ղազարյանն ասաց ԱԺ Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում 2024 թվականի պետական բյուջեի քննարկումների ժամանակ։
«Թմրամիջոցների մասով ես ամբողջությամբ համաձայն եմ խստացման առաջարկին (նկատի ունի պատիժները,–խմբ.)։ Պատժամիջոցները պետք է խստացվեն, այդ թվում` թմրանյութեր պահելու համար»,– ասաց ՆԳ նախարարը։
Նրա խոսքով՝ որքան շատ պատժամիջոցներ լինեն թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում, այնքան ավելի լավ ցուցանիշներ կլինեն:
Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ժամանակին քրեորեն պատժելի էր նաև թմրանյութերի օգտագործումը, բայց հետո ՀՀ ՔՕ-ի այդ հոդվածը ապաքրեականացվեց: