ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Լոռու մարզում բացվել է Հայաստանի համար եզակի ագրոարդյունաբերական համալիր, որը թույլ է տալիս ստեղծել ուղղահայաց ինտեգրված ձեռնարկություն։ Այս մասին հայտնում է Եվրասիական զարգացման բանկի մամուլի ծառայությունը։
Համալիրը պատկանում է «Երեմյան Փրոջեքթս» ընկերությանը, ԵԱԶԲ-ն այդ նախագծի համար հատկացրել է 32 մլն դոլար։
Բացման արարողությանը ներկա էին ՀՀ կառավարության, ԵԱԶԲ-ի և այլ գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Նախագիծը ՀՀ կառավարության, ԵԱԶԲ-ի և «Երեմյան Ֆարմ» ընկերության միջև 2022 թվականի օգոստոսին ստորագրված եռակողմ հուշագրի գործնական իրականացման առաջին քայլն էր։ Փաստաթղթի նպատակն է ապահովել Հայաստանի պարենային անվտանգությունն ու կայուն տնտեսական զարգացումը:
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 43,5 մլն դոլար: Այդ միջոցներով Տաշիր համայնքում ձեռք է բերվել 300 հա վարելահող, որտեղ 32 հեկտարի վրա 14 ամսում կառուցվել և կահավորվել է ժամանակակից անասնապահական համալիր: Համալիրի գործարկումը թույլ կտա 120 նոր աշխատատեղ ստեղծել։
Օրական 45 հազար լիտր կաթ հզորությամբ ագրոարդյունաբերական համալիրը նախատեսված է 1500 գլուխ խոշոր եղջերավոր անասունների համար։ Բարձր ցուցանիշները ձեռք են բերվում ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործման միջոցով` ներառյալ կթիկարուսելային տիպի ավտոմատ սրահը, կերային ջրաղացը և կերային խառնուրդների պահեստը:
Ագրոարդյունաբերական համալիրի մաս կազմող խոզաբուծարանը նախատեսված է 580-600 մայր խոզի համար, ինչը թույլ է տալիս տարեկան մինչև 17,000 գլուխ կենդանի բուծել:
Միաժամանակ Երևանում ավարտվում է կաթնամթերքի և մսամթերքի վերամշակման գործարանի շինարարությունը։ Ներկայում իրականացվում է սարքավորումների տեղադրումը և օժանդակ տարածքների ձևավորումը:
Ներդրումային ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության աջակցությամբ, որը մասնակի սուբսիդավորել է ներդրումային ծախսերը «Աջակցություն Հայաստանի անասնաբուծության ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերին» ծրագրի շրջանակներում:
ԵԱԶԲ-ի վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովի խոսքով՝ այս նախագիծը զգալի ներդրում է պարենային անվտանգության ապահովման և ագրոարդյունաբերական համալիրի ոլորտի զարգացման գործում, և բանկն ուրախ է մասնակցել դրան:
«Երեմյան Փրոջեքթս» ընկերության ղեկավար Դավիթ Երեմյանն իր հերթին ընդգծել է, որ այս նախագիծը Հայաստանի համար աննախադեպ է այս ոլորտում:
«Այս նախագծի շրջանակներում ընկերությունը ներդրումներ է իրականացնում Հայաստանի 2 մարզերում»,-ասել է Երեմյանը:
Նրա խոսքով՝ նախագիծը քայլ կդառնա ինչպես Հայաստանում ժամանակակից անասնաբուծության և կաթնամթերքի արտադրության, այնպես էլ կաթնամթերքի սպառման նոր մշակույթի զարգացման ճանապարհին:
Նա նշել է, որ ֆերմերային տնտեսության նկատմամբ նման մոտեցումը, ի թիվս այլ հարցերի, լուծում է պարենային անվտանգության ապահովման խնդիրը, ինչը ընկերության նպատակներից մեկն է եղել:
Եվրասիական զարգացման բանկը(ԵԱԶԲ) միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը ներդրումային գործունեություն է իրականացնում եվրասիական տարածքում: ԵԱԶԲ-ի կանոնադրական կապիտալը կազմում է 7 մլրդ դոլար։