Սոթքի հանքավայրի աշխատանքի դադարեցումը բացասաբար է ազդել ՀՀ տնտեսության վրա. նախարար

Սոթքի հանքավայր
2023-ին հիմնական տնտեսական աճն ապահովվել է ծառայությունների աճով։ Հունվար–սեպտեմբերին տնտեսական ակտիվությունը կազմել է 9.7 տոկոս։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքի դադարեցումը 2023թ–ին բացասաբար է ազդել ՀՀ տնտեսության աճի ցուցանիշների վրա։ ԱԺ–ի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ամփոփելով 2023թ–ի հիմնական տնտեսական ցուցանիշները։
Մայիսին տեղեկացրել էինք, որ պարբերական հրետակոծությունների պատճառով Սոթքի բաց հանքի աշխատանքը դադարեցվել է։ Հոկտեմբերին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հայտարարեց, որ հանքավայրը մասամբ շարունակում է աշխատել, խոսքը փակ հատվածի մասին է
Հովհաննիսյանի խոսքով` արդյունաբերությունը բացասաբար է ազդել տնտեսական ակտիվության ցուցանիշի վրա, և այստեղ մեծ ազդեցություն է ունեցել հատկապես Սոթի հանքի փակումը։
Իսկ հիմնական տնտեսական աճն ապահովվել է ծառայությունների աճով։ Արդյունքում 2023թ–ի հունվար–սեպտեմբերին տնտեսական ակտիվությունը կազմել է 9.7 տոկոս, թեև օգոստոսին գրանցված բարձր աճը սեպտեմբերին դանդաղել է նաև ծառայությունների ոլորտում։
ՀՀ–ից արտահանումը 2023թ–ին աճել է 48 տոկոսով, ինչը, ըստ նրա, պայմանավորված է հիմնականում դեպի ՌԴ վերաարտահանման ծավալների 3–ակի աճով, մինչդեռ հայկական արտադրության ապրանքները արտահանման մեջ նվազել են 0.8 տոկոսով։
Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 48.8 տոկոսով։ ՌԴ–ից ՀՀ այցելուների թիվն ավելացել է 64.3 տոկոսով։
«Հունվար–սեպտեմբերին զբոսաշրջիկների թիվը հասել է 1 մլն 850 հազարի. ՌԴ–ից` 945 հազար, այլ երկրներից` 905 հազար»,– ասաց Հովհաննիսյանը։
Աշխատավարձերը 2023թ–ի առաջին կեսին աճել են 17.4 տոկոսով, աշխատողների թիվն ավելացել է 5.8 տոկոսով, գործազրկությունը նվազել 16-ով։
2023-ի երկրորդ եռամսյակում գործազրկությունը կազմել է 11.7 տոկոս, ինչը ֆինանսների նախարարի գնահատմամբ,պատմականորեն ամենացածրն է ՀՀ–ի համար։