ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Մախաչկալայի օդանավակայանում տեղի ունեցած իրադարձությունները հիմնականում արտաքին միջամտության արդյունք են, այդ թվում՝ տեղեկատվական ազդեցության։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Հայտնի և ակնհայտ է, որ Մախաչկալայի օդանավակայանի շուրջ երեկվա իրադարձությունը մեծամասամբ արտաքին միջամտության արդյունք են, այդ թվում՝ արտաքին տեղեկատվական ազդեցության»,-ասել է Պեսկովը լրագրողներին:
Նա նշել է, որ հեռուստատեսային կադրերի ֆոնին, որոնք ցույց են տալիս Գազայի հատվածում տեղի ունեցող սարսափները՝ մարդկանց, երեխաների, ծերերի, բժիշկների մահը, չարամիտների համար շատ հեշտ է չարաշահել իրավիճակը, հրահրել և գրգռել մարդկանց:
Այսօր «Ռոսավիացիան» հայտնել է, որ օդանավերի ընդունման համար Մախաչկալայի օդանավակայանի ժամանակավոր փակման ժամանակահատվածը, նախնական տվյալներով, կշարունակվի մինչև հոկտեմբերի 31-ը, Մոսկվայի ժամանակով 02:59-ը:
Հիշեցնենք` հոկտեմբերի 29-ին տեղի բնակիչները Թել Ավիվի չվերթի ժամանումից հետո ներխուժել էին Մախաչկալայի օդանավակայանի թռիչքուղի։ Ըստ տեղեկությունների` նրանք փնտրում էին Իսրայելից ժամանած քաղաքացիների։ Անկարգություններ էին սկսվել։
Դեպքի վայր էին մեկնել իրավապահները։ Դաղստանի մուֆթի Ահմադ Աբդուլաևը տեսաուղերձում հայտարարել էր, որ հրեաների դեմ դուրս գալը սխալ է և հանդարտության կոչ էր արել հավատակիցներին։ Ավելի ուշ շրջանի իշխանությունները հայտարարեցին, որ իրավիճակը վերահսկվում է, իսկ Ռոսավիացիան հայտնեց, որ օդակայանն ազատել են ապօրինի ներխուժած մարդկանցից։ Օդանավակայանում տագնապի ազդանշան է հնչել, որից հետո մարդիկ սկսել են ցրվել, օդանավակայանը փակել են։ Քրեական գործ է հարուցվել զանգվածային անկարգությունների հոդվածով։
Դաղստանի առողջապահության նախարարության վերջին տվյալներով` միջադեպի հետևանքով օդանավակայանում ավելի քան 20 մարդ է տուժել, որից 10-ը բուժում են ստանում հիվանդանոցներում։