ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Մախաչկալայի օդանավակայանում տեղի ունեցած անկարգությունները ղեկավարվել են Ուկրաինայի տարածքից։ Այս հայտարարությունն արել է Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիկովը։
Նրա խոսքով` Դաղստանում իրավիճակն ապակայունացնելու փորձերը դրսից են արվում։
«Այսօր միանգամայն հավաստի տեղեկություն ենք ստացել, որ «Դաղստանի առավոտ» ալիքը Ուկրաինայի տարածքից է ղեկավարվում», – ասել է Մելիկովը լրագրողներին։
Հյուսիսկովկասյան դաշնային շրջանի ՌԴ ՆԳՆ գլխավոր վարչությունն իր հերթին հայտնել է, որ պարզվել է անկարգություններին ակտիվ մասնակցած ավելի քան 150 անձի ինքնությունը, նրանցից 60-ը ձերբակալվել են և ոստիկանություն տեղափոխվել։
«Դաղստանի Հանրապետության ՆԳՆ աշխատակիցների և այլ իրավապահ կառույցների փոխգործակցությամբ ձեռնարկած միջոցառումների արդյունքում այդ խախտումները կանխվել են։ Ներկա պահին օդանավակայանը լիովին գտնվում է իրավապահ մարմինների վերահսկողության տակ», – նշել է Դաղստանի ղեկավարը։
Ոստիկանությունը օպերատիվ–հետախուզական գործողություններ է իրականացնում անկարգություններին առնչություն ունեցող բոլոր անձանց ինքնությունը պարզելու համար։
Հիշեցնենք` հոկտեմբերի 29-ին տեղի բնակիչները Թել Ավիվի չվերթի ժամանումից հետո ներխուժել էին Մախաչկալայի օդանավակայանի թռիչքուղի։ Ըստ տեղեկությունների` նրանք փնտրում էին Իսրայելից ժամանած քաղաքացիների։ Անկարգություններ էին սկսվել։
Դեպքի վայր էին մեկնել իրավապահները։ Դաղստանի մուֆթի Ահմադ Աբդուլաևը տեսաուղերձում հայտարարել էր, որ հրեաների դեմ դուրս գալը սխալ է, և հանդարտության կոչ էր արել հավատակիցներին։ Ավելի ուշ շրջանի իշխանությունները հայտարարեցին, որ իրավիճակը վերահսկվում է, իսկ Ռոսավիացիան հայտնեց, որ օդակայանն ազատել են ապօրինի ներխուժած մարդկանցից։ Օդանավակայանում տագնապի ազդանշան է հնչել, որից հետո մարդիկ սկսել են ցրվել, օդանավակայանը փակել են։ Քրեական գործ է հարուցվել զանգվածային անկարգությունների հոդվածով։
Դաղստանի առողջապահության նախարարության վերջին տվյալներով` միջադեպի հետևանքով օդանավակայանում ավելի քան 20 մարդ է տուժել, որից 10-ը բուժում են ստանում հիվանդանոցներում։