ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Մախաչկալայի օդանավակայանում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով երկու ոստիկան է տուժել։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիկովը։
«Հստակ հայտնի է, որ ոստիկանության երկու աշխատակից է տուժել, նրանք վնասվածքներ են ստացել օդանավակայանի ռեժիմային գոտիներն արգելափակելու ժամանակ», –ասել է նա լրագրողներին։
Դաղստանի առողջապահության նախարարության վերջին տվյալներով` միջադեպի հետևանքով օդանավակայանում ավելի քան 20 մարդ է տուժել, որից 10-ը բուժում են ստանում հիվանդանոցներում։
Ռոսավիացիան իր հերթին հայտարարել է, որ Մախաչկալայի օդանավակայանը կբացեն միայն տերմինալը, օդակայանը և հարակից տարածքները մանրակրկիտ ստուգելուց հետո։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Մախաչկալայի օդանավակայանն ինքնաթիռների համար փակ կլինի մինչև նոյեմբերի 6-ի ժամը 02:59–ը։ Այնուհետև Դաղստանի կառավարությունը հայտարարեց, որ օդանավակայանի աշխատանքը կվերականգնվի առաջիկա օրերին։
Հիշեցնենք` հոկտեմբերի 29-ին տեղի բնակիչները Թել Ավիվի չվերթի ժամանումից հետո ներխուժել էին Մախաչկալայի օդանավակայանի թռիչքուղի։ Ըստ տեղեկությունների` նրանք փնտրում էին Իսրայելից ժամանած քաղաքացիների։ Անկարգություններ էին սկսվել։
Դեպքի վայր էին մեկնել իրավապահները։ Դաղստանի մուֆթի Ահմադ Աբդուլաևը տեսաուղերձում հայտարարել էր, որ հրեաների դեմ դուրս գալը սխալ է, և հանդարտության կոչ էր արել հավատակիցներին։ Ավելի ուշ շրջանի իշխանությունները հայտարարեցին, որ իրավիճակը վերահսկվում է, իսկ Ռոսավիացիան հայտնեց, որ օդակայանն ազատել են ապօրինի ներխուժած մարդկանցից։ Օդանավակայանում տագնապի ազդանշան է հնչել, որից հետո մարդիկ սկսել են ցրվել, օդանավակայանը փակել են։ Քրեական գործ է հարուցվել զանգվածային անկարգությունների հոդվածով։