Մախաչկալայի անկարգությունների հետևանքով Իսրայելի քաղաքացիներ չեն տուժել. ՌԴ-ում դեսպան

Ռուսաստանում Իսրայելի դեսպան Ալեքսանդր Բեն Ցվին. Արխիվային լուսանկար
Երեկ Մախաչկալայում Թել Ավիվից չվերթի ժամանումից հետո տեղի բնակիչները ներխուժել են օդանավակայանի թռիչքուղի, անկարգություններ են սկսվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելի քաղաքացիները չեն տուժել նախօրեին Մախաչկալայի օդանավակայանում տեղի ունեցած անկարգություններից, նրանք բոլորը դուրս են բերվել և արդեն լքել են դաղստանյան քաղաքը: Տեղեկությունը RTVI-ին տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանում Իսրայելի դեսպան Ալեքսանդր Բեն Ցվին։
«Բարեբախտաբար, ինքնաթիռի ուղևորների շրջանում ոչ ոք չի տուժել։ Կային նաև քաղաքացիներ, որոնք իսրայելական և ռուսական անձնագրեր ունեն, կային միայն իսրայելական կամ միայն ռուսական անձնագիր ունեցողներ։ Օրինակ` երեխաները, որոնք մեկնել են Իսրայել՝ քաղցկեղի դեմ բուժում ստանալու։ Նրանք բոլորը հայտնվել են այս սարսափելի իրավիճակում: Նրանք բոլորը դուրս են բերվել և արդեն Մախաչկալայում չեն», - ասել է իսրայելցի դիվանագետը։
Դեսպանը նշել է, որ հակասեմականության ցանկացած դրսևորում, կարևոր չէ՝ որտեղ, սարսափելի երևույթ է:
Նշենք, որ հոկտեմբերի 29-ին տեղի բնակիչները Թել Ավիվի չվերթի ժամանումից հետո ներխուժել էին Մախաչկալայի օդանավակայանի թռիչքուղի։ Ըստ տեղեկությունների` նրանք փնտրում էին Իսրայելից ժամանած քաղաքացիների։ Անկարգություններ էին սկսվել։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ուժեղ ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։