ԼՂ–ից 11 կալանավոր է եկել Հայաստան, մեկին հայտնաբերել են Վանաձորում

Վանաձոր
Կալանավորներից մի մասի հարցերով զբաղվում է ԱԱԾ–ն, իսկ մյուս մասով` ոստիկանությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման ընթացքում ազատ է արձակվել 11 կալանավոր, Հայաստանի իրավապահ մարմիններն ունեն բոլորի տվյալները: ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն այս մասին հայտնեց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում։
«Այդ տվյալներին տիրապետում ենք։ Անցյալ շաբաթ մեկին, ով մեղադրվում էր սպանության համար, Վանաձոր քաղաքից հայտնաբերեցինք: Մոտ 11 անձ են, որ ազատ են արձակվել, բոլորի տվյալներն ունենք: Որոշ անձանցով, որոնք մեղադրվում են պետական դավաճանության համար, զբաղվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, որոշ անձանցով էլ զբաղվում է ոստիկանությունը»,- ասաց Ղազարյանը։
Նա ընդգծեց` հանրապետությունից դուրս գալու սահմանափակում է դրված բոլորի համար:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։