Իսրայելը չի համաձայնի հրադադար հաստատել ՀԱՄԱՍ–ի հետ. Նեթանյահու

Իսրայելի վարչապետը ճեպազրույցի ժամանակ հստակեցրել է Իսրայելի դիրքորոշումը հրադադարի վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելը չի համաձայնի հրադադար հաստատել ՀԱՄԱՍ–ի հետ։ Հրադադարի կոչերը նշանակում են, որ Իսրայելը զիջի ՀԱՄԱՍ–ին և հանձնվի: ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:
«Ես ցանկանում եմ հստակեցնել Իսրայելի դիրքորոշումը հրադադարի վերաբերյալ։ Ճիշտ այնպես, ինչպես ԱՄՆ–ն չհամաձայնեց հրադադար հաստատել Փերլ Հարբորի ռմբակոծությունից կամ սեպտեմբերի 11–ի ահաբեկչությունից հետո, Իսրայելը ևս չի համաձայնի դադարեցնել ՀԱՄԱՍ–ի դեմ ռազմական գործողությունները հոկտեմբերի 7–ի սարսափելի հարձակումից հետո: Հրադադարի կոչերը նշանակում են ՀԱՄԱՍ–ին, ահաբեկչությանը և բարբարոսությանը զիջելու կոչեր անել: Դա չի լինի»,– ասել է Նեթանյահուն ճեպազրույցի ժամանակ։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ուժեղ ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։
Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածի «Ալ Քուդս» հիվանդանոցի արվարձաններին