Հնդկաստանն ու ԵԱՏՄ–ն կվերսկսեն ազատ առևտրի մասին բանակցությունները. ԶԼՄ

Ձկնաբուծության ազգային զարգացման խորհրդի շենքը նախագծված է ձկան տեսքով Հնդկաստանի Հայդերաբադում
Գնահատման համար Հնդկաստանն առևտրի վերաբերյալ տվյալներ է հայցել միության բոլոր հինգ երկրներից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Հնդկաստանն ու Եվրասիական տնտեսական միությունը ազատ առևտրի վերաբերյալ բանակցությունների գծով նախաձեռնություն են առաջ քաշել, որի առնչությամբ Հնդկաստանը ԵԱՏՄ երկրներից հայցել է առևտրի մասին վերջին տվյալները։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Business Standard պարբերականին։
«Այդ հարցով շարունակվում են նախնական քննարկումները։ Գնահատման համար Հնդկաստանը բոլոր հինգ երկրներից առևտրի վերաբերյալ տվյալներ է հայցել», – ասել է պարբերականի զրուցակիցը։
Հնդկաստանն ու ԵԱՏՄ–ն 2020 թվականի մարտին առևտրային համաձայնագրի նախագիծ էին նախապատրաստել, սակայն դրա քննարկումը հետաձգվեց Covid-19–ի պատճառով։ 2022 թվականի հունվարին կողմերը ներկայացրեցին ծրագրվող առևտրային համաձայնագրի պայմանների վերջնական ձևակերպումները, սակայն հետագա բանակցություններն ու առևտրային համաձայնագրի աշխատանքը դժվարացավ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև սկսված հակամարտության պատճառով։
2022-2023 ֆինանսական տարում Հնդկաստանի ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ-ի հետ կազմել է 50,3 մլրդ դոլար։ Սրանում Ռուսաստանին բաժին է հասնում 49,3 մլրդ–ը, Ղազախստանին` 641 մլն, Հայաստանին` 135,3 մլն, Բելառուսին` 111,8 մլն և Ղրղզստանին` 56,6 մլն դոլար։
Այսպիսով` գործակալությունը նշում է, որ 2023 ֆինանսական տարում Հնդկաստանի հետ առևտրում Ռուսաստանի մասնաբաժինը կազմել է 98%։ Եթե առևտրային համաձայնագիրը ստորագրվի, այն կամրապնդի Հնդկաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունները։