ՀՀ կառավարությունը տեղահանվածների համար նախատեսված 54 մլրդ դրամից ծախսել է 16 միլիարդը

Արցախից բռնի տեղահանվածներ
ՀՀ վարչապետի խոսքով` ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց աջակցության ծրագրերի համար նախատեսված գումարի մի մասը կծախսվի 2024 թվականին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների կարիքները հոգալու համար ՀՀ կառավարության տրամադրված միջոցների մեկ երրորդն արդեն ծախսվել է։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությունն արեց Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ։
Նրա խոսքով` բռնի տեղահանվածների կարիքների համար բյուջեով նախատեսված է ընդհանուր առմամբ 54 մլրդ դրամ։ Դրանցից մինչ այժմ ծախսվել է 16 մլրդ դրամը։
«Տրամադրված գումարի մի մասը կծախսվի 2024 թվականին, որովհետև, օրինակ, կեցության աջակցության ծրագիրը 6 ամսով է նախատեսված»,– ասաց Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ այս պահին շուրջ 100 հազար քաղաքացի արդեն ստացել է 100 հազար դրամի միանվագ աջակցությունը։ Նրանցից ավելի քան 25 հազարը երեխաներ են։
Բնակարանի վարձակալության համար 40 000 դրամ, իսկ կոմունալ ծախսերի համար 10 000 դրամ աջակցության ծրագրից օգտվել են 41 610 քաղաքացիներ։ 2700 քաղաքացու վճարվել է միայն կոմունալ ծախսերի համար նախատեսված 10 000 դրամ, քանի որ նրանք Հայաստանում բնակարան ունեն։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։