ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարության պարտքը 2024 թվականի վերջին կհասնի ՀՆԱ–ի 47–48,4%–ի։ Նման կանխատեսում է ներկայացված հաջորդ տարվա պետբյուջեի նախագծում։ Բացարձակ թվերով այն 10 մլրդ 900 մլն դոլարից կհասնի 11 մլրդ 891 մլն դոլարի։
Նշենք, որ այսօր ԱԺ–ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որում քննարկվում է 2024 թվականի պետբյուջեի նախագիծը։
Հաշվի առնելով ԿԲ–ի պարտքը` Հայաստանի ընդհանուր պետական պարտքը ՀՆԱ-ի 49,4%–ից կաճի մինչև 50,7%։ Միաժամանակ ԿԲ–ի պարտքը հաշվի չի առնվում ՀՆԱ–ի 50% և 60% «կարմիր գծերի» ժամանակ, որի դեպքում նախատեսված են բյուջեի ֆինանսական առողջացման միջոցներ (ընթացիկ ծախսերի կրճատման և կապիտալ ծախսերի ավելացման տեսքով)։ Պատճառն այն է, որ ԿԲ–ի պարտքը պետբյուջեի վրա բեռ չի համարվում, քանի որ ԿԲ–ն այն ինքնուրույն է կառավարում։
Կառավարության պարտքի կառուցվածքում (նշված 48,4%) կշարունակի աճել ներքին պարտքի մասնաբաժինը (2023 թվականի արդյունքներով դրա մասնաբաժինն ակնկալվում է 41,6%, 2024–ին` 44,3%)։ Նախատեսվում է 257 մլրդ դրամ արտասահմանյան վարկեր ներգրավել (ներկայիս փոխարժեքով`շուրջ 640 մլն դոլար)։ Դրանց ընդհանուր ծավալն այդպիսով կկազմի 2 տրիլիոն 184 միլիարդ դրամ։
Արտարժութային պետական պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կավելանա մոտ 30 մլրդ դրամով` մինչև 641 մլրդ։
Ազգային արժույթով պետական պարտատոմսերի ծավալը նախատեսվում է ավելացնել 358 մլրդ դրամով` մինչև 2 տրլ 247 մլրդ դրամ։
Պետական պարտքի սպասարկման ծախսերը կավելանան 18,1%–ով` մինչև 322,2 մլրդ դրամ, ինչը կկազմի բյուջեի բոլոր ծախսերի մոտ 10,6%–ը (բացարձակ թվերով այդ ցուցանիշն աճում է, բայց տոկոսային արտահայտությամբ գրեթե նույնն է մնում, քանի որ վճարումների ծավալի աճին զուգահեռ աճում են նաև բյուջեի եկամուտները)։