Գերեզմանատան վարիչը 4500 դոլար կաշառք է վերցրել գերեզմանատեղի տրամադրելու համար

Կաշառք վերցնողը, տվողը և միջնորդը ձերբակալվել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Նորք-Մարաշի գերեզմանատան վարիչը կաշառքի դիմաց գերեզմանատանը հուղարկավորություններ է կազմակերպել և նախընտրելի տարածքում գերեզմանատեղի է տրամադրել, նա կալանավորվել է Այս մասին հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
Մասնավորապես նշվում է` Հ. Շ.-ն, զբաղեցնելով Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի Նորք-Մարաշ վարչական շրջանի գերեզմանատան վարիչի պաշտոնը, Վ. Կ.-ից և միջնորդի միջոցով Գ. Ե.-ից համապատասխանաբար 2.500 և 2.000 ԱՄՆ դոլար կաշառք է պահանջել նրանց ազգականներին Նորք-Մարաշ գերեզմանատանը հուղարկավորելու և նախընտրելի տարածքում գերեզմանատեղի տրամադրելու համար։
«2023 թվականի հոկտեմբերի 27-ին Նորք-Մարաշ վարչական շրջանի գերեզմանատան վարիչ Հ. Շ.-ն, վերջինիս կաշառք տված Գ. Ե.-ն, Վ. Կ.-ն և կաշառքի միջնորդություն կատարած Ա. Կ.-ն ձերբակալվել են»,–նշվում է հաղորդագրությունում։:
Խոշոր չափերով կաշառք ստանալու համար Հ. Շ.-ին մեղադրանք է ներկայացվել (2 դրվագ) ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Կաշառք տալու համար Գ. Ե.-ին ու Վ. Կ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, իսկ Ա. Կ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 437-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ կաշառքի միջնորդության համար:
Բացի միջնորդից մյուսների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: