ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Բժիշկները հայտարարել են, որ Գազայի հատվածում երբեմն ստիպված են վիրահատություն կատարել առանց անզգայացման, հաղորդում է Financial Times-ը:
Ավելի վաղ ԱՀԿ-ն հայտնել էր, որ հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայում գրանցվել է մոտ 75 հարձակում առողջապահության ոլորտի վրա, 16 բուժաշխատող է զոհվել, 30-ը՝ վիրավորվել։ Վնասվել է շտապօգնության 24 մեքենա և 34 բուժհաստատություն։ 35 հիվանդանոցներից 23-ը դեռ մասամբ գործում են, սակայն կրիտիկական գործառույթները չեն կարողանում կատարել։ Վադի Գազայից հարավ մնացել է վիրաբուժական հզորությամբ ութ հիվանդանոց, որոնք բոլորն էլ մասամբ են գործում:
«Մենք առանց անզգայացման կեսարյան հատում ենք իրականացրել հղի կանանց, որոնք տուժել են ավիահարվածների ժամանակ։ Մենք նաև ստիպված ենք եղել առանց անզգայացման զբաղվել ուժեղ այրվածքներով», — ասել է Գազայի հատվածի «Նասեր» հիվանդանոցի տնօրենը:
Բրիտանական պարբերականի տվյալներով՝ հիվանդանոցի առաջնային խնդիրն է պահպանել բժշկական պաշարները բարդ վիրահատությունների համար։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ուժեղ ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։