Գազայի հատվածում 72 ժամվա ընթացքում սպանվել է ՄԱԿ–ի 10 աշխատակից

Հոկտեմբերի 7-ից ի վեր զոհվել է UNRWA-ի ընդհանուր առմամբ 63 աշխատակից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Գազայի հատվածում 72 ժամվա ընթացքում սպանվել է ՄԱԿ-ի` Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության (ՄԱՕԱԳ) 10 աշխատակից: Այս մասին ասվում է գործակալության հայտարարության մեջ:
«Վերջին 72 ժամվա ընթացքում սպանվել է ՄԱՕԱԳ-ի ևս 10 աշխատակից, ինչի հետևանքով հոկտեմբերի 7-ից ի վեր զոհվել է ընդհանուր առմամբ 63 աշխատակից», - ասված Է փաստաթղթում:
Կազմակերպությունը նշում է, որ հոկտեմբերի 7-ից ի վեր առնվազն ևս 22 աշխատակից վիրավորում է ստացել:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ուժեղ ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։
Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածի «Ալ Քուդս» հիվանդանոցի արվարձաններին