Երևանը սատարել է Ուկրաինայի խաղաղության բանաձևին. մանրամասներ Գրիգորյան–Երմակ հանդիպումից

Կողմերի միջև մտքեր են փոխանակվել նաև անվտանգության ոլորտում տարածաշրջանային մարտահրավերների շուրջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Մալթայում Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի հետ քննարկել է հայ–ուկրաինական հարաբերությունները։ Տեղեկությունը հայտնում է Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը։
Հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 28–ին Մալթայում՝ «Մալթա. խաղաղության բանաձև» միջոցառման շրջանակում:
ՀՀ դեսպանության հաղորդագրության մեջ ասվում է, որ Գրիգորյանն ու Երմակը քննարկել են երկկողմ հարաբերությունները, էներգետիկ ոլորտում համագործակցության հեռանկարները:
Կարևորվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին հանդիպումը, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 5–ին Գրանադայում:
Երմակը շնորհակալություն է հայտնել սեպտեմբերի սկզբին Կիևում առաջին տիկնանց գագաթնաժողովին ՀՀ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի մասնակցելու, ինչպես նաև ուկրաինացի դպրոցականներին ցուցաբերած մարդասիրական օգնության համար: Նա նաև վերահաստատել է ուկրաինական կողմի հավատարմությունը ՀՀ–ի հետ համագործակցության ամրապնդմանը, մասնավորապես` եվրաինտեգրման հարցերում:
Միևնույն ժամանակ Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել է հանդիպման այլ մանրամասներ ևս: Հաղորդագրության մեջ ասվում է, որ «Երմակը բարձր է գնահատել, որ ՀՀ միացել է այն պետություններին, որոնք աջակցում են խաղաղության ուկրաինական բանաձևին»: Նա նաև շնորհակալություն է հայտնել Արմեն Գրիգորյանին` Մալթայում կայացած հանդիպմանն անձամբ մասնակցելու համար:
Ավելին, Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի կարծիքով` Ուկրաինայի և ՀՀ–ի միջև երկկողմ հարաբերություններում արդեն նոր համատեքստ կա:
Հիշեցնենք` ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը Մալթա է մեկնել հոկտեմբերի 27–ին` Մալթայի արտաքին, եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իան Բորգի հրավերով։ Նա այնտեղ մասնակցել է «Մալթա. խաղաղության բանաձև» հանդիպմանը: