ԵԱՏՄ երկրների միջև առևտրի ծավալը 2023–ին կարող է գերազանցել 100 մլրդ դոլարը. Օվերչուկ

Ալեքսեյ Օվերչուկ
Ռուսաստանի փոխվարչապետը նշել է, որ ԵԱՏՄ-ի ներսում առևտուրը շատ ավելի արագ է զարգանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. ԵԱՏՄ երկրների միջև առևտրի դինամիկան շատ լավ է ընթանում, որոշ կանխատեսումների համաձայն՝ միության ներսում առևտրի ծավալն ընթացիկ տարում կարող է գերազանցել 100 մլրդ դոլարը։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, միջազգային մաքսային համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
Նրա խոսքով՝ դա հաստատվում է վիճակագրությամբ` անցյալ տարի ռեկորդ է գրանցվել՝ 84 մլրդ դոլար, այս տարի ևս աճ է նկատվում։
«Եթե համեմատենք, թե ինչպես է զարգանում առևտուրը ԵԱՏՄ-ի ներսում և ԵԱՏՄ երկրների առևտուրն արտաքին աշխարհի հետ, ապա հստակ նկատվում է, որ ԵԱՏՄ-ի ներսում առևտուրը շատ ավելի արագ է զարգանում։ Տարին դեռ չի ավարտվել, բայց մենք շատ լավ աճ կունենանք»,– ասել է Օվերչուկը։
Լրագրողները ճշտող հարց են ուղղել, թե այս տարվա ցուցանիշի վերաբերյալ ինչ կանխատեսումներ կան։
«Այստեղ առանձին կանխատեսումներ կան, որ 100 միլիարդը կգերազանցենք, բայց դեռ վաղ է»,– պատասխանել է նա:
Հնդկաստանն ու ԵԱՏՄ–ն կվերսկսեն ազատ առևտրի մասին բանակցությունները. ԶԼՄ
Օվերչուկի խոսքով՝ այս ամենը թույլ է տալիս ասել, որ ԵԱՏՄ-ում ստեղծված պայմանները նպաստում են, որ հինգ երկրների բիզնեսի ներկայացուցիչները համոզվեն` ավելի հարմար է աշխատել միմյանց հետ:
Նշենք, որ միջազգային մաքսային համաժողովն անցկացվում է 2023 թվականի հոկտեմբերի 30-31-ը։
ԵԱՏՄ-ում այս տարի հաջողվել է վերացնել 11 առևտրային արգելքներից 8-ը. Բելառուսի վարչապետ