ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարության բարեփոխումների տեմպը բավարար չէ 2024 թվականին 7% տնտեսական աճ ապահովելու համար։ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024թ–ի բյուջեի նախագիծը ներկայացնելիս այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Մեր կարծիքով` կառավարությունը պետք է արագացնի ռեֆորմներ անելու իր տեմպերը։ Այն տեմպերը, որով հիմա ռեֆորմներն արվում են, բավարար չեն այդպիսի արագացում վերցնելու համար։ Այն պայմաններում, երբ մենք ունեցել են երկնիշ տնտեսական աճ, հետո` 7.2 տոկոս տնտեսական աճ, դարձյալ 7 տոկոսանոց աճ ապահովելու համար մենք պետք է նոր արագացում վերցնենք։ Մենք պետք է ապահովենք ներդրումների աճ և արտահանման շարունակվող բարձր մակարդակ»,– ասաց նախարարը։
Հովհաննիսյանը հատկապես կարևորեց վերամշակող արդյունաբերության խթանմանն ուղղված պետական ծրագրերի իրականացումը` տեղական արտադրության ապրանքները միջազգային շուկայում մրցունակ դարձնելու ու արտահանման աշխարհագրությունն ընդլայնելու նպատակով։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ ՀՀ կառավարությունը 2023 թվականին առնվազն 7% տնտեսական աճ է ակնկալում։