Արտահանումը և դամական փոխանցումները կնվազեն, զբոսաշրջությունը` կաճի. կանխատեսումներ

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյան
Դրամական փոխանցումները, ֆինանսների նախարարի խոսքով, ևս ունեն նվազման միտումներ։ Հատկապես նվազում են ոչ առևտրային բնույթի` ֆիզիկական անձանց անհատական փոխանցումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. 2024թ–ի բյուջեի համար կառավարությունը պահուստային ֆոնդի գումարները բարձրացրել է մինչև 3 տոկոսի հնարավոր ներքին ու արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար։
Այս մասին այսօր ԱԺ–ի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Միջազգային տնտեսական զարգացումներում առկա մարտահրավերներից նախարարը նշեց հիմնական գործընկեր երկրներում արդեն իսկ գրանցված տնտեսական աճի տեմպի դանդաղումը, հիմնական հանքահումքային ապրանքների գների նվազումը։
«Պղնձի միջազգային գներն այս տարի նվազել են 4.5 տոկոսով, նավթի գները` 20.8 տոկոսով և պարենի միջազգային գները նվազել են 14.7 տոկոսով։ Պղնձի գների նվազումը պայմանավորված է Չինաստանում և եվրոգոտում ավելի թույլ տնտեսական զարգացումներով, քան նախատեսված էր։ Կանխատեսվում է, որ պղնձի միջազգային գները 3.6 տոկոսով կնվազեն 2023թ–ին, 1.9 տոկոսով` 2024-ին։ Նավթի միջազգային գները նույնպես 2024-ին մի փոքր էլի կնվազեն»,– ասաց Հովհաննիսյանը։
Հաջորդ տարի շարունակելու են նվազել նաև պարենի միջազգային գները` ըստ կանխատեսումների` 2.8 տոկոսով։
Դրամական փոխանցումները, ֆինանսների նախարարի խոսքով, ևս ունեն նվազման միտումներ։ Հատկապես նվազում են ոչ առևտրային բնույթի` ֆիզիկական անձանց անհատական փոխանցումները։
Վահե Հովհաննիսյանը շեշտեց, որ հաջորդ տարվա պետական բյուջեն հաշվակվել է միջազգային այս կանխատեսումները հիմք ընդունելով։ Արդյունքում` 2024-ի արտահանման ու դրամական փոխանցումների կանխատեսումները ճշգրտվել են դեպի ներքև, բայց զբոսաշրջային հոսքերի կանխատեսումը բարձրացվել է մինչև 2 մլն 570 հազարի։
Կառավարությունը բյուջեի նախագծի հիմքում հաշվարկել է նաև տնտեսական տարբեր զարգացումների հնարավոր ազդեցությունը ՀՀ պետական պարտքի վրա։ Նախարարի խոսքով` բոլոր ռիսկերի իրականացման դեպքում պարտքը կարող է 60 տոկոսից բարձր լինել, բայց դրա հավանականությունը բավական փոքր է։
2024 թվականին ՀՀ բյուջեի եկամուտների աճը կկազմի 13%, ՀՆԱ-ի աճը՝ 7%