ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Լիտվայի ուժայինները ծեծի են ենթարկել և ճնշումներով սահմանով Բելառուսի տարածք են ուղարկել սուդանցի երկու միգրանտի։ Այս մասին հայտնել է Բելառուսի պետական սահմանապահ կոմիտեն։
«Սուդանի երկու քաղաքացի, որոնք հոկտեմբերի 28-ին հայտնաբերել են բելառուսցի սահմանապահները Լիտվայի հետ սահմանին, բռնության և անօրինության հերթական զոհն են դարձել։ Տղամարդկանց ձերբակալել էին լիտվացի ուժայինները, հեռատեսորեն կոտրելով օտարերկրացիների բջջային հեռախոսները, սեփական հանցագործությունները կոծկելու նպատակով», – ասվում է գերատեսչության Telegram–ալիքում։
Տղամարդկանց խոսքին հղում անելով` նշվում է, որ փախստականներին ծեծի են ենթարկել և սպառնացել զենքով, այնուհետև երկու սուդանցիներին բերել են Բելառուսի հետ սահման և բռնի ուժեղ հեռացրել ցանկապատից այն կողմ։
Լիտվան, Լատվիան և Լեհաստանը 2021 թվականին հայտնել էին Բելառուսի հետ սահմանին Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներից ապօրինի միգրանտների ձերբակալման թվի աճի մասին, նրանք մեղադրում էին Մինսկին միգրացիոն ճգնաժամ ստեղծելու համար։ Բելառուսական կողմը կտրականապես հերքում էր մեղադրանքները։ Բելառուսական սահմանապահ կոմիտեի տվյալներով` 2022 թվականին ԵՄ հարևան երկրների տարածքից դեպի Բելառուս օտարերկրացիների խմբերի ապօրինի արտաքսման ավելի քան 3.8 հազար փորձ է կանխվել, որոնց ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 31 հազար մարդ։