ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Այսօր գիշերը խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն վթարի մասին ահազանգը ստացվել է ժամը 01։36-ին։ Նշվել է, որ Սպիտակ քաղաքի ալրաղացի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:
Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզվել են, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի մոտ 1-ին կմ-ին 65-ամյա Ջ.Ս.–ի վարած «Opel»–ը բախվել է ճամփեզրին կայանած «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարին (վարորդ՝ 59-ամյա Բ. Ս.)։ Բախման հետևանքով 45-ամյա Ա. Մ.-ն արգելափակվել է «Opel» մակնիշի ավտոմեքենայում։ Փրկարարները դուրս են բերել ուղևորին արգելափակված ավտոմեքենայից։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տուժածներ 43-ամյա Ֆ. Ա.-ն, 10-ամյա Հ. Մ.-ն և 17-ամյա Ս. Մ.-ն տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Հիվանդանոցում բժիշկները Ֆ. Ա.-ի և Հ. Մ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ս․ Մ.-ն և Ջ․Ս.-ն տեղափոխվել են Գյումրու ԲԿ:
Ցավոք, բժիշկներին չի հաջողվել փրկել 45-ամյա Ա. Մ.-ի և 17-ամյա Ս. Մ.-ի կյանքերը։