Իսրայելը պատասխանատու Է Գազայում խաղաղ բնակչության պաշտպանության համար. Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը. Արխիվային լուսանկար
ԱՄՆ–ն կշարունակի Իսրայելին բարդ հարցեր ուղղել հակամարտության սրման շրջանակներում երկրի գործողությունների վերաբերյալ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելը միջազգային իրավունքով պատասխանատվություն է կրում Գազայում օդային հարվածների և ցամաքային մարտական գործողությունների ժամանակ խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար: Այսօր ABC հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը:
«Միջազգային մարդասիրական իրավունքով և պատերազմի օրենքներով նրանք պատասխանատու են անելու ամեն ինչ իրենց ուժերի ներածին չափով խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար՝ հավասարապես թե ցամաքում, թե օդային հարվածների ժամանակ»,– ասել է ԱՄՆ նախագահի խորհրդականը։
Սալիվանը հավելել է, որ ԱՄՆ–ը կշարունակի Իսրայելին բարդ հարցեր ուղղել հակամարտության սրման շրջանակներում երկրի քայլերի վերաբերյալ:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ուժեղ ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։