Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածի «Ալ Քուդս» հիվանդանոցի արվարձաններին

Պաղեստինցի վիրավոր մանուկը Գազայի հատվածում. Արխիվային լուսանկար
Բացի 400 հիվանդից, այս հիվանդանոցում ապաստան է գտել մոտ 12 հազար պաղեստինցի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածի «Ալ Քուդս» հիվանդանոցի արվարձաններին, որտեղ ապաստանել է մոտ 12 հազար մարդ, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Պաղեստինի ՆԳՆ տեղեկատվությանը։
Այսօր Պաղեստինի Կարմիր մահիկը հայտնել էր, որ «Ալ Քուդս» հիվանդանոցի ղեկավարությունը նախազգուշացում է ստացել իսրայելական զինվորականներից, որ նրանք մտադիր են հարձակվել հիվանդանոցի վրա։
«Որոշ ժամանակ առաջ Իսրայելը հարձակում է ձեռնարկել Գազա քաղաքից հարավ գտնվող Թել ալ-Հավա շրջանում գտնվող «Ալ Քուդս» հիվանդանոցի ծայրամասերում», - ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:
Պաղեստինյան Կարմիր մահիկը ավելի վաղ հայտնել էր, որ հիվանդանոցում ապաստան է գտել մոտ 12 հազար մարդ:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ուժեղ ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։