ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալությունը (UNRWA) հայտնում է, որ հազարավոր մարդիկ են ներխուժել Գազայում UNRWA-ի պահեստներ և բաշխման կենտրոններ` տանելով ալյուր և առաջին անհրաժեշտության իրեր։
«Գազայի կենտրոնական և հարավային շրջաններում հազարավոր մարդիկ են ներխուժել UNRWA մի քանի պահեստ և բաշխման կենտրոններ` տանելով ցորենի ալյուր և առաջին անհրաժեշտության այլ իրեր, ինչպես նաև հիգիենայի պարագաներ», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Գազայի հատվածում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության գործերով տնօրեն Թոմաս Ուայթի կարծիքով` մտահոգիչ է, որ քաղաքացիական կարգը սկսել է խախտվել երեք շաբաթ տևած պատերազմից և Գազայի դաժան պաշարումից հետո։
«Մարդիկ վախեցած են, հիասթափված և հուսալքված։ Լարվածությունն ու վախը սրվում է հեռախոսների և ինտերնետ–գծերի անջատման պատճառով նաև։ Նրանք զգում են, որ իրենք կտրված են Գազայի ներսում իրենց ընտանիքներից և մնացած աշխարհից», – հաղորդագրության մեջ մեջբերվում է Ուայթի խոսքերը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Գազայի հատվածում զոհերի թիվը, ըստ տեղի առողջապահության նախարարության, գերազանցել է 7,3 հազարը, վիրավորում է ստացել ավելի քան 18 հազար մարդ:
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ուժեղ ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։