ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Վերջին տարիներին Հունգարիան ամեն ինչ անում է Հայաստանի հետ հարաբերությունները վերականգնելու համար, որոնք խաթարվել էին Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելուց հետո։ Նկատի ունենալով վերջին իրադարձությունները, այդ թվում` Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի` Հայաստան այցն ու մեր երկրում հյուպատոսություն բացելու մտադրությունը` Հայաստանն էլ ընդառաջ է գնում Հունգարիային և սեղմում նրա մեկնած հաշտության ձեռքը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը։
Նա հիշեցրեց Հունգարիայի, այսպես ասած, հաշտության մի քանի ժեստերը` 2021 թվականի դեկտեմբերին Հունգարիայի միջնորդությամբ մի քանի հայ ռազմագերիների վերադարձը, կորոնավիրուսի համավարակի օրերին Հունգարիայի կողմից Հայաստանին պատվաստանյութի տրամադրումը։ Հիմա էլ Հունգարիան հայտարարում է, որ ամեն ինչ կանի Արցախում հայկական մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ։
Քաղաքագետի համար դժվար է միանշանակ կարծիք հայտնել, թե ինչ շահ է հետապնդում Հունգարիան` փորձելով բարելավել հարաբերությունները մեր երկրի հետ։ Սակայն ակնհայտ է, որ Հայաստանին էլ են պետք այս երկրի հետ լավ հարաբերությունները։ Ուստի մեր զրուցակիցը կարծում է, որ կողմերը կգնան հարաբերությունների բարելավման։
«Չեմ կարող միանշանակ ասել` ինչ–որ շահ ունի, թե պարզապես մեղքի զգացում։ Եթե պրակտիկ նայենք` Հայաստանին ավելի շատ է պետք Հունգարիայի հետ հարաբերությունների վերականգնումը, քան թե Հունգարիային։ Հունգարիան Եվրամիության անդամ է, իսկ Հայաստանի համար այդ կառույցի հետ հարաբերությունները գերակա են։ Բացի այդ ԵՄ–ում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, բավական է, որ մի երկիր վետո դնի որոշումների վրա, անմիջապես խնդիրներ են առաջանում»,– նշեց քաղաքագետը։
Անդրադառնալով այն հարցին, թե կարո՞ղ է արդյոք Հունգարիայի հետ հարաբերությունների վերականգնումը նաև հայ–ադրբեջանական հարաբերությունների վրա ազդեցություն ունենալ` նկատի ունենալով Հունգարիայի և Ադրբեջանի, այսպես ասած, բարեկամական կապերը, քաղաքագետը նշեց` առանձին հարցերում հնարավոր է, գլոբալ առումով` ոչ։
«Առանձին հարցերում կարող է որպես միջնորդ մեծ դերակատարում ունենալ, ինչպես` ռազմագերիների վերադարձն էր։ Ավելի լայն կոնտեքստում եթե նայենք` այսօր նույնիսկ աշխարհի գերհզոր տերություններին չի հաջողվում հասնել նրան, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագիր ստորագրեն, հարաբերություններ կարգավորեն, այնպես որ Հունգարիան այդ կշիռը չունի գլոբալ հարցեր լուծելու»,– ասաց Վարդանյանը։
Ըստ նրա` Հունգարիայի` Հայաստանի հետ հարաբերությունների վերականգնումը պետք չէ դիտարկել նաև ԵՄ–ի` մեր երկրում ընդլայնվելու քայլերի կոնտեքստում։ Կարծում է` հյուպատոսության բացումն առաջին քայլն է հետագայում նաև դեսպանություն մեր երկրում բացելու համար։ Իսկ այս դեպքում էլ, ըստ նրա, Հունգարիային ավելի շուտ տնտեսական հարցերն են հետաքրքրում։
Հիշեցնենք` Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները սառեցվել էին 2012թ–ին, երբ Հունգարիան Ադրբեջանին արտահանձնեց Ռամիլ Սաֆարովին, որը Բուդապեշտում կացնահարել էր քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին։ Սաֆարովը դատապարտվել էր ցմահ ազատազրկման, բայց Իլհամ Ալիևը նրան ներում շնորհեց և կոչումը բարձրացրեց։
2 երկրների հարաբերություններում սառույցը հալվեց, երբ 2021–ի դեկտեմբերին Հունգարիայի գործադրած ջանքերով 5 հայ ռազմագերիներ վերադարձան հայրենիք։ Հունգարիայի իշխանությունների ներկայացուցիչներն անձամբ գնացին Բաքու և 5 գերիների հետ եկան Երևան։
2022-ի դեկտեմբերի 7–ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասաց, որ առաջիկայում Հայաստանում և Հունգարիայում 2 երկրների կողմից դեսպաններ կնշանակվեն։
Մայիսի 19-ին հայտնի դարձավ, որ Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը համատեղության կարգով նշանակվել է Հունգարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի)։
Հոկտեմբերի 27-ին աշխատանքային այցով Հայաստան ժամանեց Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն։ Ճեպազրույցի ժամանակ նա հայտարարեց, որ մեր երկրում հյուպատոսություն բացելու համար դիմել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։