Գազայի «Ալ Քուդս» հիվանդանոցը տարհանելու պահանջը մտահոգիչ է և անիրագործելի. ԱՀԿ

ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը. Արխիվային լուսանկար
Միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն՝ առողջապահությունը միշտ պետք է պաշտպանված լինի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Գազայի «Ալ Քուդս» հոսպիտալը տարհանելու վերաբերյալ իսրայելական կոչերը մտահոգիչ են, քանի որ վիրավորներով լի հիվանդանոցը տարհանել հնարավոր չէ: Սոցցանցում գրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը:
«Պաղեստինյան Կարմիր մահիկի հաղորդագրությունը Գազայի «Ալ Քուդս» հիվանդանոցի տարհանման սպառնալիքների մասին խորը մտահոգություն է առաջացնում։ Մենք կրկնում ենք՝ հնարավոր չէ տարհանել հիվանդներով լի հիվանդանոցները՝ չվտանգելով նրանց կյանքը»,–- ասված է հաղորդագրության մեջ։
ԱՀԿ ղեկավարը հավելել է, որ միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն՝ առողջապահությունը միշտ պետք է պաշտպանված լինի:
Ավելի վաղ Պաղեստինյան Կարմիր մահիկը հայտարարել էր, որ Պաղեստինի Կարմիր «Ալ Քուդս» հիվանդանոցի ղեկավարությունը Գազայի հատվածում իսրայելցի զինվորականներից նախազգուշացում է ստացել հոսպիտալին հարվածներ հասցնելու մտադրության մասին, որտեղ 400 հիվանդներից բացի իսրայելական ռմբակոծություններից ապաստան են գտել Գազայի հատվածի շուրջ 12 հազար բնակիչներ:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ուժեղ ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։