Արմեն Գրիգորյանը Մալթայում քննարկել է տարածաշրջանի անվտանգային մարտահրավերները

ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի և Հունաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աթհանասիոս Նտոկոսի հանդիպումը Մալթայում
Քննարկվել են Հունաստանի հետ անվտանգության ոլորտում համագործակցության հնարավորությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր Մալթայում հանդիպել է Հունաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աթհանասիոս Նտոկոսին: Տեղեկությունը նշված է Գրիգորյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում։
«Քննարկել ենք միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, ինչի շրջանակներում ներկայացրել եմ մեր տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերները և ընդգծել դրանց հանգուցալուծմանն ուղղված ՀՀ ջանքերը»,– նշված է գրառման մեջ:
Գրիգորյանը գործընկերոջ հետ խոսել է նաև անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորությունների մասին:
Հայտնել էինք, որ ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 27-ին աշխատանքային այցով մեկնել է Մալթայի Հանրապետություն։ Երեկ Արմեն Գրիգորյանը Մալթայում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի օգնական Բերտրան Բուխվալտերի հետ:
Հանդիպում էր կայացել նաև Ճապոնիայի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ակիբա Տակեոյի հետ: