ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյիդ Աբաս Մուսավիի հետ քննարկել է հայ–ադրբեջանական հարաբերությունները։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում պաշտոնյաները քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունները, տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերը, ինչպես նաև ադրբեջանա-հայկական խաղաղ բանակցությունները։
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 13-ին հայտարարեց, որ հայկական կողմն ադրբեջանական կողմին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման և խաղաղ հարաբերությունների հաստատման պայմանագրի հինգերորդ խմբագրումը, սեպտեմբերի 16-ին ստացել են ադրբեջանական կողմի նոր առաջարկները։