ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում առևտրի պալատների համակարգն առավել արդյունավետ դարձնելուն ուղղված բարեփոխումների իրականացման և համապատասխան գործիքակազմերի մասին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը խոսել է Լոնդում` Առևտրի պալատի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։
«Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև առևտրային և գործարար կապերի ընդլայնմանը և Մեծ Բրիտանիայում կազմակերպվող ոլորտային ցուցահանդեսներին հայ գործարարների առավել ակտիվ մասնակցությանը»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքները՝ հետագա համատեղ քայլերը հստակեցնելու նպատակով։
Հիշեցնենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն է գործուղվել հայ-բրիտանական գործարար համաժողովին մասնակցելու նպատակով:
Համաժողովի ընթացքում քննարկվել են տնտեսության ոլորտի ընդհանուր խնդիրներին, գործարար միջավայրին, ինչպես նաև էներգետիկ, ենթակառուցվածքային, լոգիստիկ և տեխնոլոգիական հնարավորություններին վերաբերող հարցեր:
Վահան Քերոբյանը և նրա տեղակալ Ռաֆայել Գևորգյանը Լոնդոնում հանդիպել են նաև HSBC բանկի ներկայացուցիչների հետ, քննարկել կապիտալի շուկաներ հայկական ընկերությունների մուտքի հնարավորությունը։