ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Արցախում ռազմական գործողույթուններ սկսելու հնարավորության մասին առաջին նախազգուշացումը ստացվել է հենց սեպտեմբերի 19 – ին ՝ ռուս խաղաղապահների միջոցով։ Այս մասին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ասաց Արցախի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
«Սեպտեմբերի 19-ին ես գտնվում էի ռուս խաղաղապահների զորախմբի հրամանատարի մոտ։ Առաջին ազդակը, որ հնարավոր ռազմական գործողություններ հնարավոր է սկսվեն, եղել է այն, որ Շուշիի ներքևում գտնվող տանկի հուշարձանի մոտ եղած ադրբեջանական հենակետից հրետակոծություն սկսելու մասին հայտնել են ռուս խաղաղապահների հենակետին։ Մարտերի սկսվելուց մի քանի ժամ անց արդեն պարզ դարձավ, որ Լեռնային Ղարաբաղը մենակ է մնացել։ Ռուսական կողմը, կարելի է ասել, դիտորդ էր»,– ասաց Շահրամանյանը։
Նա շեշտեց, որ Ստեփանակերտը գնաց պատասխան գործողությունների, և հենց դրանց շնորհիվ ադրբեջանական կողմի հետ սկսվեցին բանակցություններ։ Արցախի նախագահը շեշտեց` հետո պարզ էր դարձել, որ անհրաժեշտ է հնարավորինս արագ դադարեցնել մարտական գործողությունները, քանի որ ուժերն անհամաչափ էին։
Շահրամանյանը որոշում է կայացրել բանակցություններ սկսել ադրբեջանական կողմի հետ՝ բնակչության շրջանում մեծ զոհերից խուսափելու համար։ Մեծ կորուստներ է կրել նաև Ադրբեջանը։
«Ստիպված էի ուղիղ կապ հաստատել ադրբեջանական կողմի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, որոնք ինձ ծանոթ էին և նախկինում էլ Արայիկ Հարությունյանի հետ ունեցել էին կապ։ Առաջինն ինձ փոխանցեցին, որ մինչև չհասնեն վերջնական նպատակին` չեն դադարեցնի գործողությունները»,– նշեց Արցախի նախագահը։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։