Պարեկային ծառայության համար ներդրվել է 29 մլրդ դրամ, որից 20–ը` ՀՀ բյուջեից. Փաշինյան

ՀՀ վարչապետը ներկա է գտնվել Արարատի մարզում պարեկային ծառայության աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունում պարեկային ծառայություն հիմնադրելու համար ընդհանուր առմամբ ծախսվել է 29 մլրդ դրամ։ Ինչպես հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունը, այս մասին Արարատի մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
Նա ընդգծել է, որ պարեկային ոստիկանության հիմնադրման հարցում ՀՀ կառավարությանը մեծ աջակցություն են ցուցաբերել միջազգային գործընկերները։
«Պարեկային ոստիկանության հիմնադրման համար, ընդհանուր առմամբ, ծախսվել է 29 մլրդ դրամ։ Այդ 29 մլրդ դրամից 20 մլրդը ծախսվել է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, 6 մլրդ դրամը տրամադրել է ԱՄՆ–ն, 3 մլրդ–ը` ԵՄ–ն։ Ցանկանում եմ մեր գործընկերներին և Հայաստանի Հանրապետության բոլոր հարկ վճարողներին շնորհակալություն հայտնել այս գործընթացն իրականություն դարձնելու համար»,– ասել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետն իր խոսքում հույս է հայտնել, որ Արարատի մարզի բնակիչներն այս ստորաբաժանման նորամուտից հետո իրենց ավելի պաշտպանված կզգան։ Նա վստահեցրել է` պարեկային ոստիկանության հիմնադրմամբ Հայաստանում ներդրվում է շատ կարևոր ինստիտուտ, որով ամրապնդվում է պետությունը։
Արարատի մարզում պարեկային ծառայության աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառումը
Փաշինյանը տեղեկացրել է` առաջիկայում պարեկային ոստիկանությունում նոր ընդունելություն է կազմակերպվելու 300 նոր ծառայողով համալրվելու համար, և նրանց շուրջ 80 տոկոսը լինելու են կանայք։ ՀՀ վարչապետը հույս է հայտնել, ործառայող կանայք իրենց անձնվեր աշխատանքով, օրինակով կքաջալերեն նաև մյուսներին։
Միջոցառմանը ներկա են գտնվել նաև ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, արտերկրի դիվանագիտական ծառայությունների ներկայացուցիչներ և այլ պաշտոնատար անձինք:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Փաշինյանը մասնակցել էր Արմավիրի մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառմանը։
Պարեկային ծառայությունն առաջինը ներդրվել է Երևանում` 2021 թվականին։ Հուլիսի 7-ին վերապատրաստված պարեկային 700 ծառայող առաջին անգամ դուրս էր եկել հասարակական անվտանգությունն ապահովելու համար։
Պարեկային ծառայության մասին ՀՀ օրենքով նախատեսված է, որ ծառայության հաստիքների 30 տոկոսը պետք կանայք զբաղեցնեն։
Պարեկային ծառայության պետի թեկնածու են գտել. «Ժողովուրդ»