ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության ռազմավարական նպատակն ու առաջին խնդիրը պարեկային ծառայությունում կանանց ներգրավվածությունն առնվազն 30 տոկոս դարձնելն է։ Ինչպես հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունը, այս մասին Արմավիրի մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանն ու Վահե Ղազարյանը Արմավիրի մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառման ժամանակ
© Photo : official site of the Police of RA
«Այսօր մենք ավարտում ենք Հայաստանի Հանրապետությունում պարեկային ոստիկանության հիմնադրման աշխատանքները, ամփոփում դրանք: Այսօր Պարեկային ծառայություն չունեցող վերջին չորս մարզերը՝ Արմավիրի մարզը, Արարատի մարզը, Վայոց Ձորի մարզը և Սյունիքի մարզը կունենան Պարեկային ոստիկանություն, այդպիսով նաև ամբողջ հանրապետությունը։ Հայաստանում պարեկային ոստիկանությունն արդեն իրականություն է, և առաջիկայում ընդամենը ևս մի կոմպոնենտ կավելանա՝ դեկտեմբերին նաև Սևանա լճի վրա կգործարկվի ջրային և առափնյա ծառայությունը, որն արդեն հիմնադրված և գոյություն ունեցող Գեղարքունիքի մարզի ծառայության շրջանակներում է»,– նշել է նա։
Նիկոլ Փաշինյանն ու Վահե Ղազարյանը Արմավիրի մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառման ժամանակ
© Photo : official site of the Police of RA
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, որոնք հավատացել են և ամենօրյա աշխատանք իրականացրել այս գործընթացի ուղղությամբ։ Նա մասնավորապես նշել է ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, արդարադատության նախկին և ներկա նախարարների` Ռուստամ Բադասյանի, Կարեն Անդրեասյանի, Գրիգոր Մինասյանի անունները, որոնք ներդրում են ունեցել Պարեկային ծառայության ստեղծման գործում։
Արմավիրի մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառումը
© Photo : official site of the Police of RA
ՀՀ վարչապետը նաև շեշտել է, որ միջազգային կառույցների գնահատականով՝ Հայաստանն իրավակարգի, քրեածին իրավիճակի առումով աշխարհում 9-րդ տեղն է զբաղեցնում, այսինքն՝ լավագույնների մեջ 9-րդ տեղը։ Նրա խոսքով` այդ ամենը ոստիկանության, ընդհանրապես դատաիրավական համակարգի բարեփոխումների արդյունքն է։
Արմավիրի մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառումը
© Photo : official site of the Police of RA
Հիշեցնենք, որ Պարեկային ծառայությունն առաջինը ներդրվել է Երևանում` 2021 թվականին։ Հուլիսի 7-ին վերապատրաստված պարեկային 700 ծառայող առաջին անգամ դուրս էր եկել հասարակական անվտանգությունն ապահովելու համար։
Պարեկային ծառայության մասին ՀՀ օրենքով նախատեսված է, որ ծառայության հաստիքների 30 տոկոսը պետք կանայք զբաղեցնեն։