ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Նոր Խարբերդ գյուղի 10-րդ փողոցի տանը տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
Նշվում է, որ միջադեպի մասին ահազանգը ստացվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնից հոկտեմբերի 27-ին` ժամը 02։50-ին։ Նշվել է, որ իրենց մոտ տեղափոխվել է 36-ամյա մի կին` «կրծքավանդակի ձախ կեսի ծակած թափանցող վերք, երկողմանի պնևմոթորաքս ախտորոշմամբ»։
«Պարզվել է, որ Նոր Խարբերդի 10-րդ փողոցի տանը վիճաբանություն է եղել 36-ամյա տանտիրուհու և նորխարբերդցի 39-ամյա ու 45-ամյա երկու տղամարդու միջև։ Արդյունքում 39-ամյա տղամարդը դանակահարել էր տանտիրուհուն»,– ասված է հաղորդագրությունում։
Իրավապահները ձեռնարկված միջոցառումների արդյունքում Նոր Խարբերդ գյուղում հայտնաբերել, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալել և Շենգավիթի բաժին են տարել 39-ամյա և 45-ամյա երկու տղամարդկանց:
Նրանք ներկայացվել են քննչական բաժին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: