ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևին` Կարագանդայի շրջանի Կոստենկոյի անվան հանքավայրում տեղի ունեցած վթարի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
«Խոր վշտով տեղեկացա 2023 թ.-ի հոկտեմբերի 28-ին Կարագանդայի շրջանի Կոստենկոյի անվան հանքավայրում տեղի ունեցած վթարի մասին, որը հանգեցրել է հանքափորների մահվան։ Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություններ, կարեկցանք և զորակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և մտերիմներին։ Մաղթում եմ նրանց համբերություն, ուժ և տոկունություն»,– ասված է հեռագրում։
Հիշեցնենք, որ այսօր Կարագանդայի հանքում վթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով առնվազն 30 հանքափոր մահացել է, ևս 20-ն էլ հիվանդանոցում է։ «ԱրսելորՄիտալ Տեմիրտաու» ընկերության տվյալներով` դեպքի պահին հանքում 252 մարդ է եղել, 206–ն ինքնուրույն դուրս են եկել։
Տոկաևի հրամանով Ղազախստանում հոկտեմբերի 29-ին համապետական սուգ է հայտարարված։