Խաղաղություն եմ մաղթում. Փաշինյանը Չեխիայի վարչապետին ուղերձ է հղել Ազգային տոնի առթիվ

ՀՀ վարչապետը հիշեցրել է մայիսին Չեխիա կատարած իր պաշտոնական այցի մասին, որի ժամանակ հանդիպել է Ֆիալայի հետ և կառուցողական քննարկում ունեցել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատում Չեխիայի աջակցությունը տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացին։ Ինչպես հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունը, այս մասին նա ասել է Չեխիայի Ազգային տոնի առթիվ հանրապետության վարչապետ Պետր Ֆիալային հղած շնորհավորական ուղերձում։
Տոնի առթիվ նա Ֆիալային մաղթել է նորանոր հաջողություններ, իսկ Չեխիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն։
«Ընթացիկ տարում Հայաստանի և Չեխայի միջև միջպետական հարաբերություններն ակտիվացել են: Ջերմությամբ եմ հիշում այս տարվա մայիսին Չեխիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում մեր հանդիպումը և կառուցողական քննարկումը: Բարձր եմ գնահատում Չեխիայի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաև մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ու ամրապնդման գործընթացին»,– նշել է Փաշինյանը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ Չեխիայի Հանրապետությունում է եղել մայիսի 4-5-ը։ Պետր Ֆիալայի հետ հանդիպման ժամանակ համատեղ հայտարարություն է ստորագրվել, որը վերաբերում է դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին, ժողովրդավարական սկզբունքների խորացմանը և այլն։