ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Ղազախստանի Կարագանդայի շրջանի Կոստենկոյի անվան հանքում վթար է եղել, կան զոհեր և տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ղազախստանը։
Շուրջ 30 մարդ մահացել է, ևս 20 հանքափոր հիվանդանոցում են։
«ԱրսելորՄիտալ Տեմիրտաու» ընկերության տվյալներով` դեպքի պահին հանքում 252 մարդ է եղել, 206–ն ինքնուրույն դուրս են եկել։
Դեպքի վայրում աշխատում է 40 փրկարար, 10 միավոր տեխնիկա և 3 հոգեբան, որոնք օգնություն են ցուցաբերում մահացածների հարազատներին։
Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևն այսօր արդեն մեկնել է դեպքի վայր` պարզելու դեպքի մանրամասներն ու համապատասխան հանձնարարականներ տալու։ Երկրի նախագահը հանդիպել է մահացածների հարազատներին և ընտանիքի անդամներին, ցավակցություն հայտնել նրանց։
Տոկաևը հոկտեմբերի 29-ը հայտարարել է որպես համապետական սգո օր։
Նախագահն ընդգծել է, որ կպարզվեն վթարի հանգամանքներ, անհրաժեշտ օգնություն կցուցաբերվի հանքափորներին ու տուժածների և զոհվածների ընտանիքներին։
Ավելի վաղ Տոկաևը հանձնարարել էր կառավարությանը խզել ներդրումային համագործակցությունը «Արսելոր Միտալ Տեմիրտաուի» հետ։